Իտալիայի Սարդինիա մարզի Ուտա քաղաքում «Լեռնեցիներ» պարային անսամբլը, մասնակցելով միջազգային մանկական փառատոնին, վերադառնում էր ավտոբուսով Հայաստան: Գիշերը հասնելով Իտալիայի Ֆերերա քաղաք՝ ավտոբուսը խափանվում է, և երեխաները հայտնվում են ծանր դրության մեջ, սակայն Սփյուռքի նախարարության,«Air Armenia» ավիաընկերության և հայ բարերար Ոսկան Անդրեասյանի աջակցության շնորհիվ կարճ ժամանակում լուծվում է երեխաների սննդի, կացության և Հայաստան վերադառնալու հարցը:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Երեմ Սիմոնյանընշեց, որ գիշերը իրեն զանգահարել է «Air Armenia» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը և ներկայացրել ստեղծված իրավիճակը:
«Փորձեցինք օպերատիվ ձևով ճշտումներ կատարել, թե երեխաները ո՞ր քաղաքում են գտնվում, ի՞նչ է պատահել, երեխաների անվտանգության հետ կապված որևէ խնդիր կա՞, թե ոչ: «Air Armenia» ներկայացուցիչը ինձ ավելի մանրամասն ներկայացրեց խնդրի էությունը: Թեկուզ մեր դաշտից դուրս էր խնդրի լուծումը, սակայն արագ կապվեցինք Իտալիայում ամենամոտ հայ համայքների հետ: Քանի որ ավտոբուսի խափանումը տեղի էր ունեցել Իտալիայի Ֆերերա քաղաքում, ամենամոտ համայնքը` Բոլոնիայինն էր: Այդ ընթացքում մենք նաև կապվեցին հայ բարերար Ոստան Անդրեասյանի հետ, ով շատ սերտ կապեր ունի Բոլոնիայում: Գտնվելով Հայաստանում՝ նա արագ արձագանքեց և փորձեց խնդրին լուծում տալ: Նա կապ հաստատեց պարային համույթի ղեկավարի հետ, որից հետո կարողացան երեխաների ապահովել սննդով և լուծել կեցության հարցը»,- ասաց Սիմոնյանը: