Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվել է Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 31 երկրի 158 շախմատիստ:
Մասնակիցների թվում էր 47 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են Օլիմպիական եռակի չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը:
Մրցաշարի մասնակիցների թվում էր նաև պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը:
Մեր մասնակիցներից մրցաշարում բարձր արդյունք է ցույց տվե; Գաբրիել Սարգսյանը, ով մրցաշարն անցել է առանց պարտության՝ տոնելով 5 հաղթանակ և 4 պարտիա ավարտելով հաշտությամբ:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Գաբրիելը նաև 11 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը, սակայն նման բարձր արդյունքը, ցավոք, բավարար չի եղել տեղ գրավելու լավագույն եռյակում. Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Դուբովը, ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովը և ԱՄԷ ներկայացուցիչ Սալեմ Սալեհը վաստակել են 7.5-ական միավոր և կիսել են 1-3-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հաղթող է դարձել Դանիիլ Դուբովը:
Մրցաշարում հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով գրավել է 18-րդ հորիզոնականը, Տիգրան Լ. Պետրոսյանը իր ակտիվում գրանցել է 5.5 միավոր և հանգրվանել 41-րդ տեղում, իսկ Էդուարդ Հակոբյանը 3 միավորով գրավել է 139-րդ հորիզոնականը: