FastMed սթարթափը նույնանուն հավելված է մշակել, որն անհրաժեշտ դեղատան ակնթարթային որոնման և դեղամիջոցների պատվերի հնարավորություն է ընձեռում: Համապատասխան նախագիծը ներկայացվել է Sevan Startup Summit 2018-ում:
Ընկերության հիմնադիր Գրիգոր Կորկոտյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հավելվածը հնարավորություն է տալիս իմանալ, թե քաղաքի որ դեղատանն է վաճառվում անհրաժեշտ դեղը, ծանոթանալ դեղատների գներին կամ գտնել մոտակա դեղատունը:
«Ներկա պահին FastMed հավելվածի միջոցով կարելի է դեղեր պատվիրել և ավելի ուշ այն վերցնել կոնկրետ դեղատնից: Սակայն շուտով կսկսի գործել տուն կամ ցանկացած այլ վայր առաքելու ծառայությունը: Ընդ որում՝ հավելվածը շատ պարզ է ու օգտագործման համար հարմար, և ամենակարևորը՝ նրա ծառայություններն անվճար են, պետք է վճարել միայն առաքման համար»,- նշեց Գրիգոր Կորկոտյանը:
Նրա խոսքով՝ սթարթափը նաև բժիշկի դեղատոմսերի վերծանման ծառայություն է մատուցում:
«Բժիշկների դեղատոմսերը հաճախ անընթեռնելի են, որի պատճառով մարդը չի կարողանում հասկանալ՝ ինչ հաճախականությամբ և ինչպիսի դոզաներով է անհրաժեշտ ընդունել նշանակված դեղամիջոցը: Նման դեպքերում օգտատերերը կարող են մեզ ուղարկել դեղատոմսերի լուսանկարները, և մեր բանիմաց դեղագործները կվերծանեն դրանց բովանդակությունը ու հետ կուղարկեն տեքստային տարբերակով»,- պարզաբանեց սթարթափի հիմնադիրը:
Նա նաև նշեց, որ օգտատերերը կարող են չաթի կամ զանգի միջոցով կապ հաստատել բանիմաց դեղագործների հետ և նրանց ուղարկել իրենց հարցերը:
«Ներկա պահին մենք աշխատում ենք հավելվածի բարելավման վրա և համագործակցության համար գործընկերների ենք ներգրավում: Առայժմ աշխատում ենք 10 դեղատների հետ, սակայն արդեն ուրիշների հետ էլ համագործակցելու պայմանավորվածություններ կան»,- նշեց Գրիգոր Կորկոտյանը:
Հավելվածը մեկ այլ խնդիր էլ է լուծում. հայկական դեղագործական շուկայում գործում են մի քանի խոշոր դեղատնային ցանցեր, որոնք իրացման ահռելի շուկա ունեն:
«Խոշոր ցանցային ընկերությունները հաճախ դուրս են մղում փոքրերին և առանձին դեղատների: Վերջինների համար դժվար է իրացման համար հարթակ ստեղծել, քանի որ դա մեծ ծախսեր է պահանջում: FastMed հաշիվը փոքր դեղագործական ձեռնարկություններին իրացման լրացուցիչ շուկա է տրամադրում, ինչպես նաև եղածը մեծացնում է՝ այդպիսով ընդլայնելով խոշորների հետ մրցակցելու հնարավորությունները»,- նշեց Գրիգոր Կորկոտյանը:
Նրա խոսքով՝ հավելվածում դեղամիջոցների անվանումները նաև տարբեր լեզուներով են թարգմանված, ինչը շատ հարմար է զբոսաշրջիկների համար, որոնք ծանոթ չեն տեղական անվանումներին:
«Դեղերը տարբեր լեզուներով կարելի է գտնել ձայնային որոնման միջոցով, ծածկագրի և այլն: Մեր հավելվածից օգտվելիս վերանում է պետք եղած դեղը գտնելու համար հերթով դեղատներ այցելելու անհրաժեշտությունը»,- նշեց FastMed ընկերության հիմնադիրը:
Նա հավելեց, որ օնլայն հաշվի առաջմղման համար սթարթափը 50 հազար դոլարի ներդրումների կարիք ունի, ինչպես նաև թիմի համալրման՝ աշխատանքների համակարգման և շուկա դուրս գալու համար: