Ի՞նչ կլինի Հայաստանի տնտեսության հետ, եթե տոկոսադրույքների իջեցման կտրուկ շոկ լինի. Աշոտ Խուրշուդյանի վերլուծությունը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ կլինի Հայաստանի տնտեսության հետ, եթե տոկոսադրույքների իջեցման կտրուկ շոկ լինի. Աշոտ Խուրշուդյանի վերլուծությունը

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն անդրադարձել է ԿԲ տոկոսադրույքի և փոխարժեքի փոխկապակցվածության, ինչպես նաև՝ Հայաստանում գյուղմթերքի գների թեմային։ Ստորև ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ։

Վաղեմի ընկերոջս՝ Աշոտ Մկրտչյանին մի օր հարցրեցի, թե ի՞նչ կլինի Հայաստանի տնտեսության հետ, եթե տոկոսադրույքների իջեցման կտրուկ շոկ լինի։ Մինչ պատասխանը նշելը, ասեմ, որ Աշոտի գիտական թեզն է՝ «ՀՀ տնտեսության համար գնահատված դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդելը», նա առաջինն է նման աշխատանք կատարել Հայաստանում։ Աշոտը, թե՝ ինչի՞դ է դա պետք։ Ասացի, որ հետաքրքիր է, Կենտրոնական բանկում առկա մոդելում մուտքագրեք շոկը, տեսնենք արդյունքները։ Աշոտն ասաց, որ դժվար չի դա անել, բայց կարող է պատասխանը միանգամից ասել՝ դրամը միանգամից կարժեզրկվի։

Այս խոսակցությունը հիշեցի, երբ զննում էի Թուրքիայում խորացող ֆինանսական ճգնաժամը։ Երկու գրաֆիկ եմ պատրաստել, որով կցուցադրեմ ասելիքս։

Ուրեմն չգիտեմ թե ինչպես, Էրդողանի ականջին երևի հասել է, որ ցածր տոկոսադրույքները լավ բան են։ Կամ քեյնսյան մակրոտնտեսագիտություն է կարդացել, IS-LM մոդելին է տիրապետում … Կարևոր չի, դրանք, այսպես ասած, դասագրքային հիմնային գիտելիքներ են։ Ու ինչքան էլ ասենք, որ տնտեսագիտությունը ֆիզիկայի նման է, ու մեկ գործոնը բավար չէ, ամբողջական մոդելն է պետք դիտարկել, ու ում էլ ասենք, հաստատ Էրդողանին հազարումի խելոքներ այսքանը չեն կարողացել համոզել։ Այդ մարդը կուրորեն հավատում է ցածր տոկոսադրույքի քաղաքականությանը, այն մտցրել է գլուխը ու տարիներ շարունակ Թուրքիայի Կենտրոնական բանկին ստիպել է նման քաղաքականություն վարել։

Գրաֆիկում կապույտ ուղիղ գիծը հենց ցույց է տալիս այդ քաղաքականությունը։ Դե մարդը լսել է, որ ցածր տոկոսադրույքը նշանակում է էժան մատչելի փող, նշանակում է ներդրումների աճ … Ահա, բարլուս, բա մնացա՞ծ հետևանքները։ Նարնջագույնով ներկայացված է լիրա-դոլար փոխարժեքը, որը չորս տարվա ընթացքում երեք անգամ արժեզրկվել է։ Իսկ մոխրագույնով երևում է սպառողական գների ինդեքսը, որը նույնպես բարձրանում է։

Իսկ կա՞ն երկրներ, որ նման բան են անում։ Այո, կան, օրինակ Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ ցածր տոկոսադրույքի քաղաքականություն, սակայն՝ ի հաշիվ նավթային ռեզերվների։ Այսինքն, որպեսզի փոխարժեքը չարժեզրկվի, վաճառում է իր ռեզերվները։ Հենց այդպես էլ վարվել է Ռուսաստանը, սակայն նույնիսկ Ռուսաստանում ԿԲ-ն ավելի անկախ է, և ճգնաժամերի ժամանակ փոխում է այդ քաղաքականությունը, որպեսզի մեծ ցնցումները չվատթարացնեն երկրի երկարաժամկետ դիրքը։ Իսկ Թուրքիայում, տարիներ շարունակ Էրդողանն է թելադրել դրամավարկային քաղաքականությունը, ու չի թողել տոկոսադրույքը փոխել նույնիսկ ֆինանսական ցնցումների ժամանակ։ Որ գուգլեք, կգտնեք, հղումը՝ http://bfy.tw/Jcyk։ Ինչպես տեսնում եք գրաֆիկից, երբ վերջին ամիսներին բանը-բանից անցավ, նոր թույլատրվեց բարձրացնել ԿԲ տոկոսադրույքը։

Երկրորդ գրաֆիկում այս պահը ցուցադրել եմ. եթե նայեք փոխարժեքի թռիչքի առաջին պիկին /մայիսի 21-ից/, ապա կտեսնեք որ հունիսի մեկին անմիջապես բարձրացնելով տոկոսադրույքը, Կենտրոնական բանկին հաջողվում է կառավարել փոխարժեքը։ Բայց փոխարժեքը կայուն է մնում մինչև օգոստոսի սկիզբ, որից հետո, արդեն քաղաքական պատճառներով (ԱՄՆ սանկցիաներ) լիրան կրկին կտրուկ արժեզրկվում է՝ հասնելով մինչև 6.9 լիրա մեկ դոլարի դիմաց։

Այս անգամ Թուրքիայի կենտրոնական բանկը թուլացնում է բանկերի պահուստավորման նորմատիվները Լիրայի ու արտարժույթով պարտավորությունների համար, որ բանկերը արտարժույթ ունենան ու կարողանան հաղթահարել արտարժույթի պահանջարկը։ Բայց դե սա էլ այլ բացասական հետևանքներ ունի։ Իսկ թե ինչով է վատ բացասական իրական տոկոսադրույքը՝ այլ թեմա է։

Ամբողջոըթյամբ՝ b4b.am