Դռները դեպի դուրս և հակաբակտերիալ նյութերով պատեր. ինչո՞ւ է կարևոր, որ հայկական հիվանդանոցները համապատասխանեն միջազգային չափանիշներին
Advertisement 1000 x 90

Դռները դեպի դուրս և հակաբակտերիալ նյութերով պատեր. ինչո՞ւ է կարևոր, որ հայկական հիվանդանոցները համապատասխանեն միջազգային չափանիշներին

Գիտե՞ք, թե ինչու հիվանդանոցներում սանհանգույցների դռներն անպայման պետք է դեպի դուրս բացվեն:

Պատասխանը պարզ է. եթե հիվանդը զուգարան է գնացել և կորցրել է գիտակցությունը, նրան օգնության եկած մարդիկ կարող են պատահմամբ վնասել նրան, եթե դուռը դեպի ներս բացվի: Համաձայնեք՝ գլխին դռան հարվածն այն չէ, ինչ հարկավոր է զուգարանում անգիտակից ընկած մարդուն:

Դեպի ո՞ր կողմ են բացվում դռները, ի՞նչ լայնության են միջանցքները, ինչպե՞ս են տեղակայված սենյակները և բաժանմունքները հիվանդանոցում. այս ամենը մանրուքներ են միայն առաջին հայացքից: Իրականում ստանդարտներին համապատասխանելը չափազանց կարևոր է՝ հիվանդների անվտանգությունը և բուժանձնակազմի աշխատանքի նորմալ պայմաններն ապահովելու համար, պնդում է բուժհաստատությունների նախագծման մասնագետ Ավետիս Մուրադյանը:

Ավետիս Մուրադյանն ապրում և աշխատում է ԱՄԷ-ում, որտեղ բոլոր հիվանդանոցները կառուցում և վերանորոգում են միջազգային ձեռնարկներին համապատասխան (International health facilities guidelines): Դրանք մանրամասն նկարագրում են այն ստանդարտները, որոնց պետք է համապատասխանի հիվանդանոցների ինտերիերը: Այդ բոլոր ստանդարտներն ուղղված են հիվանդների համար հիվանդանոցում գտնվելն ավելի անվտանգ և հարմարավետ դարձնելուն և բուժանձնակազմին ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելուց պաշտպանելուն:

Ստանդարտները, օրինակ, նկարագրում են, թե ինչպես պետք է մաքրել օդը վիրահատարաններում, ինչ ճնշում պետք է լինի և ինչ ֆիլտրերի միջոցով պետք է անցնի տարածքից դուրս եկող օդը, որպեսզի նվազագույնի հասցվի հիվանդի, բուժաշխատողների կամ հիվանդանոցից դուրս գտնվող մարդկանց վարակվելու վտանգը:

Պակաս կարևոր չէ նաև այն, թե ինչպես պետք է տեղակայված լինեն հիվանդանոցի բաժանմունքներն ու առանձին աշխատասենյակները, որտեղ պետք է գտնվեն պոտենցիալ վտանգավոր հիվանդների համար մեկուսարանները, որ միջանցքներով պետք է անցնեն հիվանդները, որով՝ ոչ: Ստանդարտները նաև տարածվում են հիվանդանոցների հատակն ու պատերը պատող նյութերին. դրանք պետք է լինեն հակաբակտերիալ. դա անվտանգության լրացուցիչ միջոց է:

«Այս ամենի իմաստն այն է, որ հիվանդանոց եկած մարդն այնտեղից նոր ինֆեկցիայով չհեռանա»,- նշում է մասնագետը:

Ինֆեկցիաներն ամենևին էլ միակ պոտենցիալ վտանգը չեն հիվանդանոցներում. եթե հիվանդանոցի ներքին հատվածը սխալ է կառուցված, կարող է դժվարություններ առաջացնել աշխատանքում և նույնիսկ հիվանդների կյանքին սպառնացող վտանգավոր իրավիճակներ:

Օրինակ, միջազգային բազմաթիվ ստանդարտների համաձայն, հիվանդանոցում միջանցքների լայնությունը պետք է լինի 2.4 մետրից ոչ պակաս, որպեսզի հնարավոր լինի միջանցքով միաժամանակ երկու մահճակալ տանել: Բազմապրոֆիլ հիվանդանոցներում հաճախ են լինում իրավիճակներ, երբ միանգամից մի քանի հիվանդների անհապաղ օգնություն կամ հետազոտություն է անհրաժեշտ լինում. եթե միջանցքը միջանցքը շատ նեղ է և դրանով հնարավոր է փոխադրել միայն մեկ հիվանդի, հապաղումը կարող է ինչ-որ մեկին կյանք արժենալ:

Ավետիս Մուրադյանի կարծիքով, եթե Հայաստանում բուժհաստատությունների համար միասնական ստանդարտներ ներդրվեն, դա կօգնի հիվանդանոցները բոլորովին նոր մակարդակի հասցնել և բժշկությունը երկրում ավելի գրավիչ դարձնել այլ երկրներից հիվանդների համար:

«Եթե մենք ցանկանում ենք Հայաստանում զարգացնել բժշկական տուրիզմը, մեզ պետք է բուժկենտրոնների բարձր մակարդակ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Հայաստանում լավ բնություն կա, լավ սնունդ, բազմաթիվ լավ բժիշկներ, հիմա հարկավոր է անել այնպես, որպեսզի հիվանդանոցների շենքերը նույնպես պատշաճ մակարդակի վրա լինեն»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ավետիս Մուրադյանը:

Նրա խոսքով՝ ստանդարտներին համապատասխանությունը պարտադիր չէ, որ կապված լինի հսկայական ծախսերի հետ. արդեն գոյություն ունեցող հիվանդանոցները կարելի է վերանորոգել դրանց համապատասխան, ընդ որում՝ կարելի է դա անել քայլ առ քայլ՝ սկսելով ամենակարևոր կետերից, իսկ հետո, նոր միջոցների ի հայտ գալուն զուգահեռ, անցնել հաջորդներին:

«Օրինակ՝ վերանորոգման ժամանակ դուռ, ամեն դեպքում, տեղադրում են, դրա համար գումար են ծախսում, այդ պատճառով կարելի է պարզապես այն ճիշտ դնել, այնպես, որպեսզի այն դեպի դուրս բացվի և չկարողանա վնասել հիվանդին: Ստանդարտներին համապատասխանությունը միշտ չէ, որ լրացուցիչ ծախսեր է պահանջում, երբեմն պարզապես գիտելիքներ և ճիշտ մոտեցումներ են պետք»,- նշում է մասնագետը:

Հայաստան հերթական այցի ընթացքում Ավետիս Մուրադյանը կապվել է առողջապահության նախարարության հետ և իր գիտելիքներն ու ծառայություններն առաջարկել: Նրան այդ քայլին մղել է նաև սփյուռքի հայերին ուղղված կոչը՝ ամեն կերպ օգնել հայրենիքին, և քայլերը, որոնք ձեռնարկում են մյուս սփյուռքահայերը:

«Սփյուռքը միշտ փորձում է ամեն կերպ օգնել Հայաստանին. այդպես է եղել միշտ, այդպես կլինի նաև հետագայում: Ես զանգահարել եմ առողջապահության նախարարություն՝ իմ օգնությունն առաջարկելու: Ինձ ասացին ամեն ինչ նամակով շարադրել: Ես նստեցի և գրեցի այդ նամակը և, ի զարմանս ինձ, 5 րոպե անց նախարարից պատասխան ստացա, որը հետաքրքրվել էր իմ առաջարկով»,- ասաց Մուրադյանը:

Հաջորդ օրն իսկ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակից Հայկ Սայադյանի հետ հանդիպում են կազմակերպել, քննարկել են ապագա համագործակցության հարցերը, այցելել երկու հիվանդանոց՝ Արտաշատի բուժկենտրոն և Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Մուրադյանի գնահատմամբ՝ երկու բուժկենտրոններում էլ մի քանի բաժանմունքներ արդեն համապատասխանում են միջազգային ստանդարտներին, իսկ մյուսներում դեռ անելիք կա:

«Արյունաբանական կենտրոնում լաբորատորիան և մի քանի այլ բաժանմունքներ ամբողջությամբ համապատասխանում են բոլոր ստանդարտներին, այնտեղ ե՛ւբ պատերն են հակաբակտերիալ նյութով պատված, ե՛ւ կրկնակի դռներ են տեղադրված: Արտաշատի հիվանդանոցը վատ չէ վերանորոգված, բայց անելիք դեռ կա»:

Մուրադյանի խոսքով՝ շատ մեծ հույսեր ունի, որ կկարողանա օգտակար լինել հայրենիքին՝ այստեղ կիրառելով իր գիտելիքներն ու փորձը՝ հիվանդանոցների մակարդակը բարձրացնելու համար, ինչը կօգնի ավելի մեծ թվով «բժշկական զբոսաշրջիկների»՝ այլ երկրներից հիվանդների գրավել: Նա չի բացառում, որ մի օր կցանկանա ընտանիքի հետ Հայաստան փոխադրվել. արդեն ոչ թե մի քանի շաբաթով, այլ ընդմիշտ:

med.news.am