Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ն արմատախիլ է արել մի քանի ծառ և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց գոտում. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ն արմատախիլ է արել մի քանի ծառ և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց գոտում. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում Opel մակնիշի 35 DQ 919 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի, արմատախիլ արել և գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել և նրան տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանատար Կարապետ Անտոնյանի գլխավորությամբ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան և այն քարշակի միջոցով տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո ճանապարհով անցնելիս է եղել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ով նույնպես օգնություն է ցուցաբերել վիրավորին։ Մարզպետը, ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com