ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է «կամուֆլյաժ» հագնել և պայքարել «սևերի» դեմ: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Ն.Զոհրաբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հասցեական հնչեցնել, թե ովքեր են սև և ովքեր սպիտակներ:
«Եթե հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների, մեզ մնում է իմանալ, թե ովքեր են սևերը, որպեսզի կամուֆլյաժները հագնենք ու մենք էլ նրանց դեմ պայքարենք»,- ասաց Զոհրաբյանը:
Նա շեշտեց, որ եթե Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածվեն հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա իրենից ավելի մեծ հեղափոխական՝ թե՛ խելքով, թե՛ դուխով, շատ քիչ կարելի է գտնել:
Անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումը հրապարակելուն՝ Ն.Զոհրաբյանը նշեց, որ դա խոսում է երկրի իմունիտետի, երկրի անվտանգության լրջագույն ճգնաժամի մասին: