Այսօր երգիչների համար շատ բարդ է գումար աշխատելը, բոլորն էլ ռեստորաններից են եկամուտ ունենում. Գաբի Գալոյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Այսօր երգիչների համար շատ բարդ է գումար աշխատելը, բոլորն էլ ռեստորաններից են եկամուտ ունենում. Գաբի Գալոյան. life.panorama.am

Երգիչ-երգչուհիների կողմից կորպորատիվ միջոցառումներից ստացված գումարից հարկեր վճարելու վերաբերյալ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունը շարունակում է ակտիվորեն քննարկվել: Life.panorama.am-ն թեմայի շրջանակում այսօր զրուցել է երգչուհի Գաբի Գալոյանի հետ:

«Շատերը գիտեն, որ կոնկրետ ես վերջին տարիներին հիմնականում Հայաստանում չեմ լինում, շատ հաճախ եմ մեկնում շրջագայությունների, հետևաբար գումար վաստակում եմ դրսում, այլ ոչ թե մեզ մոտ: Գիտեք, այն, որ մեր երկրում ցանկացած աշխատող մարդ պետք է հարկվի, դա շատ արդարացի է, սակայն պետք է հաշվի առնել, որ այսօր երգիչները այնքան էլ լավ չեն վարձատրվում: Եթե տարիներ առաջ լիներ այդ որոշումը, ինչ-որ տեղ դա այնքան էլ չէր վնասի եգիչների գրպաններին և արդար կլիներ, սակայն այսօր այնքան է վատացել երգիչների ֆինանսական վիճակը, որ չգիտեմ էլ, որքանով արդարացի կլինի այդ որոշման կիրառումը»,- նշեց Գաբին՝ հավելելով, որ այնուամենայնիվ, եթե նման որոշում ընդունվի, ապա ինքն էլ զերծ չի մնա:

Երգչուհին նկատեց, որ իր կարծիքով ավելի նպատակահարմար կլիներ, եթե այդ որոշումը գործածվեր համերգների, այլ ոչ թե կորպորատիվ միջոցառումների ժամանակ:

«Համերգներից ստացված գումարից հարկ վճարելն ավելի ճիշտ կլիներ, բայց կա մեկ այլ հանգամանք՝ վերջին տարիներին Հայաստանում գրեթե համերգներ չեն կազմակերպվում: Իսկապես, այսօր երգիչների համար շատ բարդ է գումար աշխատելը, բոլորն էլ ռեստորաններից են եկամուտ ունենում և ի տարբերություն նախորդ տարիներին՝ բարձր չեն վարձատրվում»,- հավելեց նա:

Գաբին շեշտեց նաև.

«Ոլորտը դժվար վերահսկելի է: Այդ օրենքի կիրառումը պետք է շատ խիստ իրականացվի այն իմաստով, որ ցանկացած երգիչ իր եկամտի տոկոսներին համապատասխան վճարի, այսինքն՝ եթե երգիչ կա, ով 200 դոլար է աշխատում, ապա չի կարող նույնքան հարկ վճարել, որքան 30.000 դոլար աշխատող երգիչը: Որքանով ես եմ տեղեկացված, հենց այդպես էլ պետք է լինի: Ի դեպ՝ այս օրենքի մասին խոսվում էր դեռևս նախկին իշխանության օրոք, պարզապես այն ժամանակ չկիրառվեց: Իսկ առհասարակ, նման օրենք կա ողջ աշխարհում, ու հիմա, երբ ես գնում եմ շրջագայությունների, իմ պրոդյուսերական ընկերությունը տվյալ պետությունում կամ քաղաքում հարկեր վճարում է»:

Անդրադառնալով իր առաջիկա ծրագրերին՝ Գաբին պատմեց.

«Ողջ 2018թ-ը ինձ համար շրջագայություններով էր հագեցած: Ընդամենը օրեր անց կմեկնեմ Խարկով, որտեղ իմ մենահամերգը կկայանա, այնուհետև կմեկնեմ Սոչի՝ մասնակցելու «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը, ապա կգնամ ԱՄՆ՝ դարձյալ մրցանակաբաշխության մասնակցելու, հետո կմեկնեմ Կանադա, և այսպես շարունակ: Գրաֆիկս իսկապես շատ խիտ է, ծրագրերս նախատեսված են առաջիկա մի քանի ամիսների համար»:

Չնայած Գաբին անդադար շրջագայում է, բայց հասցնում է նաև նոր երգեր ու տեսահոլովակներ նկարահանել: Իր խոսքով՝ այս պահին արդեն նոր երգի վրա է աշխատում, որի հիման վրա շուտով տեսահոլովակ կնկարահանի: Երգչուհին դժվարացավ ասել՝ տեսահոլովակը Հայաստանում, թե արտերկրում կնկարահանի, բայց խոստացավ՝ հաստատ նոր աշխատանք կմատուցի իր երկրպագուներին:

life.panorama.am



Նման նյութեր