Թմբկահարի սիրտ տանող ամենավստահելի ուղին ծնծղաներ են. այս տողերով է ամերիկյան The New York Times պարբերականը «Ընտանիքի 400-ամյա երաժշտական գործիքը շարունակում է ճիշտ հնչողությունը» խորագրով լայնածավալ հոդվածում անդրադարձել հանրահայտ Զիլջյան ընտանիքին և նրանց կողմից տարիների ի վեր արտադրվող «Զիլջյան» ապրանքանիշի ծնծղաների պատմությանը:
«Դու կարող ես ունենալ աշխարհի լավագույն հարմոնիան, սակայն միայն ծնծղաներն են, որ կարող են քեզ դեպի գագաթ բարձրացնել»,- այսպես է գործիքի մասին խոսում հայտնի թմբկահար Բրայան Բլեյդը, ով երկար տարիներ օգտվում է «Զիլջյան» ապրանքանիշի ծնծղաներից:
The New York Times-ը պատմում է, որ «Զիլջյան»-ը ԱՄՆ-ում սկսել է գործունեություն ծավալել 1929 թվականից ի վեր: Սակայն ընկերության պատմությունն ավելի հին՝ շուրջ 400 տարվա պատմություն ունի: Պատմությունը սկսվում է 1618 թվականից՝ Օսմանյան կայսրությունում:
Ծնծղաների պատրաստության գործը սկսում է Ավետիս Զիլջյանը, ով քիմիական փորձեր կատարելով փորձում էր ոսկի ստանալ, սակայն ի վերջո պղնձի, արծաթի եւ անագի խառնուրդից նրան հաջողվում է ստանալ մի նյութ, որը բարձր և հստակ հնչողություն ուներ:
Օսման Երկրորդ սուլթանը, հավանելով երիտասարդ հայ արտիստի աշխատանքը, նրան ոչ միայն թույլատրում է պատրաստել գործիքներ օսմանյան արքունիքի համար, այլև Ավետիսին տալիս է Զիլջյան (թուրքերեն «զիլ» նշանակում է «զանգ») ազգանունը: Ընտանիքը խանութ է բացում Կոստանդնուպոլսի Սամաթյա թաղամասում, համագործակցում է հունական ու հայկական եկեղեցիների, սուֆի դերվիշների, սուլթանի հարեմի հետ:
«Զիլջյան» ապրանքանիշի առաջին ծնծղաները 1851 թվականին հատուկ նավի միջոցով տեղափոխվում են Լոնդոն՝ ցուցադրվելու համաշխարհային տոնավաճառում:
20-րդ դարասկզբին ընկերությունը Թուրքիայում ղեկավարում էր Արամ Զիլջյանը, ով առաջարկում է ԱՄՆ-ում բնակվող իր զարմիկին՝ Ավետիսին, ղեկավարել ընկերությունը: Ավետիսը, ով Միացյալ Նահանգներ էր տեղափոխվել նախքան Հայոց ցեղասպանությունը, համաձայնում է՝ տեսնելով երկրում այդ երաժշտական գործիքի հանդեպ աճող հետաքրքրությունը:
Ներկայում ընկերությունը տեղակայված է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում: «Այսօր ամեն գործիքը շարունակում է անցնել բարձր որակավորում ունեցող տասնյակ աշխատակիցների ձեռքով, ովքեր ստուգում են, որ «թղթի բարակություն» ունեցող ծնծղաներն ունենան անհրաժեշտ երաժշտական դիապազոնը»,- գրում է ամերիկյան պարբերականը՝ հավելելով, որ գործիքներից յուրաքանչյուրն ունի յուրօրինակ, չկրկնվող ձայն: