Հայ և վրաց պատմաբանների երկխոսությունն Ախալքալաքում
Advertisement 1000 x 90

Հայ և վրաց պատմաբանների երկխոսությունն Ախալքալաքում

Ախալքալաքում ընթանում է «Անկախության վերականգնման 100-ամյա ճանապարհ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցում են վրացի և հայ պատմաբանները:

Վրաստանի ու Հայաստանի անկախությանը նվիրված գիտաժողովն Ախալքալաքում անցկացվում է Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի նախաձեռնությամբ:

Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը սեպտեմբերի 15-ին գիտաժողովի բացմանը կարճ պատմական ակնարկ կատարեց երկու երկրների պետականությունների կայացման ճանապարհի մասին:

«Գիտաժողովն աննախադեպ է, որովհետև մասնակցում են պատմաբաններ Հայաստանից և Վրաստանից: Սա ողջունելի փաստ է, որ երկու երկրների բարձր գիտական աստիճաններ ունեցող պատմաբաններ են մասնակցում և երկու կողմն էլ համաձայն են, որ գիտաժողովից հետո գրքույկներ տպագրենք, որը գալիք սերունդների համար կլինի լավ ձեռնարկ»,- ասաց Արտակ Գաբրիելյանը:

Այնուհետև վերջինս ցավով նշեց, որ Ախալքալաքում անցկացվող միջոցառմանը ներկա չէին Ախալքալաքի և Նինոծմինդայի ղեկավարները, խորհրդարանի պատգամավորները, ֆրակցիաների նախագահները:

«Իսկ, թե ինչու չէին մասնակցում Ախալքալաքի ղեկավարները, այդ հարցը իրենց ուղղեք, մենք կարծում ենք մարդ բաց չենք թողել և բոլորին հրավիրել ենք: Սա իրենց կողմից մի քիչ վիրավորական է երկու պետությունների առաջին հանրապետությունների կամ 100-ամյակի միջոցառմանը»,- պատասխանեց Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:

Նշենք, որ գիտաժողովի բացմանը ներկա էին՝ Վիրահայոց թեմի առաջնորդն ու հոգևորականները, Ախալցիխեի քաղաքապետը, Ախալցիխեի Սակրեբուլոյի պատգամավորներ, Վրաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ և այլք:

Գիտաժողովի պաշտոնական բացման արարողությանը ելույթ ունեցավ Թբիլիսիի պատմության և ազգագիտության թանգարանի տնօրեն Գեորգի Ճեիշվիլն:

«Այսօր շատ կարևոր օր է, տեղի հասարակական կազմակերպության աջակցությամբ վրացի և հայ պատմաբանները հավաքվել են որպեսի քննարկեն այն մեծ իրադարձությունը, որը կոչվում է անկախության վերականգնման 100 ամյակ: Սա շատ հետաքրքիր է, որ գիտաժողովը անցկացվում է, ոչ Թբիլիսիում, ոչ Երևանում, այլ հենց Ախալքալաքում: Հուսանք որ հայ և վրաց պատմաբանների երկխոսությունը մշտական բնույթ կկրի և ապագայում ևս կշարունակվի»,- ասաց պատմաբան Ճեիշվիլին:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ մարտ ամսից սկսած մինչև օրս բազմաթիվ կոնֆերանսների ու գիտաժողովների է մասնակցել անկախության թեմայով, սակայն այս մեկն առանձնահատուկ է, քանի որ Ջավախքում է անցկացվում:

«Սա շատ կարևոր իրադարձություն է մեր երկու երկրների գիտական հանրությունների հանդիպման առումով և նման գիտաժողով կազմակերպելու տեսանկյունից: Քանի որ մենք երկու ժողովուրդներս անցել ենք նույն պատմական ուղին և բնականաբար Հայաստան-Վրաստան 100-ամյա այս պետականության դարաշրջանի պատմությունը ինչ-որ առումով նաև ուղղակիորեն առերեսվում է Ջավախքի խնդիրների հետ և Ջավախքը համարում է հայ-վրացական բարեկամության կամուրջ»,- ասաց պատմաբան Աշոտ Մելքոնյանը:

Վրաստանի ու Հայաստանի անկախությանը նվիրված գիտաժողովի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 15-ին, իսկ այսօր ընթանում են պատմաբանների զեկույցներն ու քննարկումները՝ նվիրված երկու երկրների 100-ամյա պետականությունների անցած ճանապարհին:

Աղունիկ Այվազան

jnews.ge

a-info.org