«Մեր ռազմավարության հիմքը պետք է լինի՝ որքան հնարավոր է շատ ազգությամբ հայերին սփյուռքահայ դարձնելը». Վահագն Վարդանյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մեր ռազմավարության հիմքը պետք է լինի՝ որքան հնարավոր է շատ ազգությամբ հայերին սփյուռքահայ դարձնելը». Վահագն Վարդանյան

Օրերս Հայաստանում էր միջազգայնագետ Վահագն Վարդանյանը, ով ազգային ինքնության, երկրի բրենդի զարգացման, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հետ կապված հարցեր է ուսումնասիրում Սինգապուրի ազգային համալսարանում, ինչպես նաև ներկայացնում է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը Սինգապուրում, Մալայզիայում և Ինդոնեզիայում։ 168.am-ը հարցազրույց է ունեցել Վահագն Վարդանյանիհետ, որի շրջանակներում խոսել ենք Հայաստանի տնտեսական հեռանկարների, սփյուռքի հետ հարաբերությունների և այլ հարցերի մասին.

Պարոն Վարդանյան, վերջերս ներկայացրիք 7 կետից բաղկացած մի ծրագիր, որը,ինչպես Դուք էիք նշել՝ Ցեղասպանության ճանաչման և Հայաստանի զարգացմանգործընթացում նոր ուղիներ է նախանշում. ինչպես այն վերափոխել՝ դարձնելովտարածաշրջանային ավելի մեծ ազդեցություն ունեցող երկիր: Այս նպատակն ամբիցիոզէ, ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրականացումը։

– Իհարկե, ես համամիտ եմ, որ նման նպատակ սահմանելն անգամ բավական ամբիցիոզ քայլ է և խիզախություն է պահանջում։ Ուղղակի կարող եմ ասել, որ ցանկացած հարաբերության մեջ (լինի դա միջպետական՝ երկրների միջև, ինչ-որ ոլորտում՝ տարբեր մարդկանց, տարբեր ընկերությունների միջև) կողմեր գոյություն ունեն, և կողմերից մեկը միշտ ավելի հետևողական է լինում, քան մյուս կողմը։ Ես վստահ եմ, որ հետևողական, հաստատուն ջանքերի շնորհիվ նմանատիպ ամբիցիոզ նպատակը շատ իրականանալի նպատակ կարող է լինել։ Ցեղասպանության ճանաչման հարցում, խոսքը վերջին 50 տարիների մասին է, երբ տարբեր երկրներ ժամանակի ընթացքում որոշ վերաբերմունք են ցուցաբերել։ Ճանաչման խնդիրն այլ հարթության մեջ կհայտնվի, եթե Հայաստանը լինի տնտեսապես ավելի հզոր ու թեկուզ տարածաշրջանի մակարդակով ունենա ավելի մեծ ազդեցություն։ Ազդեցություն ասելով՝ նկատի ունեմ նաև՝ որպես երկրի հեղինակության և բրենդի ձևավորման ու առաջմղման արդյունքում։ Բրենդ ասվածն ապրանքի մասին չէ, այլ երկրի մասին, որ իր մեջ համալիր է պարունակում։ Բրենդ ասելով՝ ես հասկանում եմ՝ երկրի հեղինակության հիման վրա նրա ներկայացումը։ Այստեղ շատ կարևոր է ոչ միայն դուրսը, այլ նաև, թե ներսում ինչպես է դա ընկալվում։ Ընդհանրապես մարդիկ պետք է կարողանան այդ բրենդը կրել, ճիշտ ներկայացնել։ Մարդիկ ասելով՝նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր կարող են Հայաստանը ներկայացնել թե երկրում և թե արտասահմանում:

Դուք տարբեր երկրներում եք լինում. Հայաստանի հեղինակությունն ինչպիսի՞ն է։

– Այդ հարցին միանշանակ չեմ կարող պատասխանել. իհարկե, ցանկալի կլիներ՝ Հայաստանը շատ ավելի ճանաչելի լիներ։ Այնպես է ստացվում, որ շատ վայրերում հայերին՝ որպես ազգ, ճանաչում են, բայց որպես երկիր՝ Հայաստանի ճանաչելիությունը շատ ավելի թույլ է։ Մենք պետք է հասկանանք, որ մենք համաշխարհային ազգ ենք։ Եվ ես միշտ համարում եմ, որ համեմատությունը, մանավանդ՝ հարևան երկրների հետ, այդքան էլ ճիշտ չէ։ Կարող ենք համեմատել մեր անցյալն ու ներկան։ Եթե մեր երկիրը կարողանում է ինչ-որ հարցում լավ լինել, կոնկրետ նվաճումների հասնել, այդ համեմատությունն այլ երկրներում, այլ մարդիկ թող անեն ու տեսնեն, թե այդ համեմատության մեջ Հայաստանը որտեղ է։ Բայց մենք չհամեմատվենք, որովհետև, եթե դու վազում ես, ետ նայելով չես վազում, ինչքան հնարավոր է՝ փորձում ես դա արագ անել։ Ետ նայելով եթե վազում ես, հաստատ ավելի արագ չես հասնի այնտեղ, որտեղ ձգտում ես հասնել։

Դուք հիմա դոկտորական հետազոտություն եք կատարում Սինգապուրի ազգայինհամալսարանում, ծանոթ եք այդ երկրին. Հայաստանում կարծես ավանդույթ է դարձելՀայաստանի ու Սինգապուրի միջև զուգահեռներ անցկացնելը։ Նախկին վարչապետն էլասում էր, որ Հայաստանը պետք է առաջնորդվի Սինգապուրի օրինակով։ Հայաստանի ուՍինգապուրի միջև համեմատություն անցկացնելը ճի՞շտ է, ի վերջո, Սինգապուրըհամարվում է ոչ ժողովրդավարական պետություն։

– Նախ՝ ես շատ մեծ վերապահումով եմ վերաբերվում ժողովրդավարություն ասվածին. այդ հարցը մի կողմ դնենք, քանի որ տարբեր քաղաքակրթություններում ժողովրդավարական ավանդույթները տարբեր են, ու ամեն ինչ պետք է նայել կոնտեքստի մեջ։ Ինչ վերաբերում է համեմատությանը, իհարկե, որոշակի հարթության մեջ կարող ենք համեմատել այն առումով, որ երկու երկրներն էլ փոքր են, ու երկու երկրների համար էլ արտաքին միջավայրը որոշակի խնդիրներ ժամանակ առ ժամանակ առաջացնում է։ Բայց Հայաստանի դեպքում մենք գործ ունենք ցամաքային երկրի հետ, որը չունի որևէ ելք դեպի ծով, իսկ Սինգապուրը կղզի է։ Բացի այդ՝ Սինգապուրը գտնվում է շատ շահեկան աշխարհագրական դիրքում, որով պայմանավորված՝ նավագնացության զգալի մասը Խաղաղ և Հնդկական օվկիանոսների միջև անցնում է Սինգապուրով։ Իհարկե, շատ երկրներ բարենպաստ աշխարհագրական դիրք ունեն, բայց չեն կարողանում դա օգտագործել։ Իսկ մյուս կողմից՝ Հայաստանի դեպքում, եթե ընդունենք այն փաստը, որ Հայաստանը ծովային երկիր չէ, բայց կարող ենք փաստել այն, որ Հայաստանից մոտ 2 ժամ թռիչքի տրամագծի երկրներ են, որոնք մինչև 500 մլն մարդ բնակչությամբ շուկա են հանդիսանում։ Աշխարհում կան շատ երկրներ, որտեղ 2, 3 կամ 4 ժամ թռիչքի հեռավորության վրա ուղղակի մեկ կամ երկու փոքր բնակչությամբ երկրներ են։

Համեմատություն եթե կատարենք, ապա երկու երկրներն էլ՝ որպես անկախ պետություններ, բավականին երիտասարդ են. Սինգապուրն անցյալ տարի նշեց անկախության 50-ամյակը, իսկ Հայաստանն այս տարի 25-ամյակն է նշում։ Երկու երկրներն էլ եղել են նախկինում ավելի խոշոր երկրի մաս. Սինգապուրի դեպքում դա Բրիտանական Կայսրությունն էր, իսկ Հայաստանի դեպքում ՝ ԽՍՀՄ-ը։ Մենք ունենք գերազանցապես հայերով բնակեցված Հայաստան, իսկ Սինգապուրում 3 հիմնական ազգություններ են՝ չինացիներ, մալայացիներ և հնդիկներ, ու 4 պետական լեզու գոյություն ունի, իսկ Հայաստանում պետական լեզուն մեկն է։

Իհարկե, մենք շատ կարող ենք լսել այն փաստը, որ Հայաստանը բնական ռեսուրսներով ոչ հարուստ երկիր է, չնայած այդքան էլ համամիտ չեմ՝ մենք ունենք որոշ տեսակի մետաղներ, խմելու ջրի պաշարներով ամենահարուստ երկրներից ենք, իսկ Սինգապուրը մինչև վերջերս այն ամբողջությամբ էր ներկրում, իսկ հիմա մոտ 50%-ով ինքնաբավարարվել է։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչ աստիճանի բարձր մակարդակ է կրթության հանդեպ ընդհանուր հասարակության մեջ ու պետության կողմից։ Սինգապուրը, չունենալով բնական պաշարներ, միակ հույսը կարող էր դնել աշխատուժի վրա։

Սինգապուրն իր չափերով մոտ 45 անգամ փոքր է Հայաստանից, իսպառ բացակայում է գյուղատնտեսությունը, գրեթե ամբողջությամբ սննդամթերքը ներմուծվում է, որն այլ խնդիրներ է առաջացնում՝ թանկությամբ պայմանավորված։ Այնտեղ ամեն ինչ փորձում են այնպես անել, որ ստեղծվի ավելացված արժեք։ Հայաստանում որոշակի տեղաշարժ նկատվում է, օրինակ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով։ Մենք փոքր երկիր ենք, մեր զարգացումը չի կարող լինել բոլոր ուղղություններով։

Հիմնական ուղղությունները որո՞նք պետք է լինեն։

– Բացի նշված՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, կան մի քանի ոլորտներ։ Ոլորտներից մեկը կրթությունն է. Հայաստանում ստեղծվում են նոր և բարձր որակի կրթական հաստատություններ, ու սա սկիզբը պետք է լինի, քանի որ մենք ունենք կրթության կենտրոն դառնալու հնարավորություն ոչ միայն Հայաստանի բնակչության համար, այլ նաև Հայաստանից դուրս ապրող հայերի ու ազգությամբ ոչ հայ քաղաքացիների համար։ Բարձր որակի կրթական հաստատությունով պայմանավորվում է նաև երկրի հեղինակությունը։ Տուրիզմի ոլորտը կարելի է զարգացնել. լեռնային տուրիզմը, կրոնական, մշակութային տուրիզմը։ Տուրիզմի զարգացումը համալիր պրոցես է, քանի որ այնտեղ միայն հյուրանոցների որակով չի հարցը լուծվում. սկսած տաքսիների որակից՝ վերջացրած սնունդի ու հյուրանոցների զուգարանների որակից, ամբողջը մի ընդհանուր ծածկ է, որի մեջ այդ ոլորտի զարգացումը կարող է լինել։

Կարող է զարգանալ նաև ոսկերչության ոլորտը, որը նույնպես ցամաքային տեղափոխումների հետ առնչություն չունեցող ոլորտ է։ Լուրջ հետազոտության կարիք կա ՝ պարզելու, թե մյուս որ ոլորտները կարող են զարգանալ։ Մի քանի ոլորտների ճիշտ ընտրությունը հնարավորություն կտա ներդրումներն էլ ավելի նպատակային ուղղել։ Ընդհանուր ծավալների մեջ չէ լուծումը. արդյունավետության մեջ է լուծումը։ Եթե համեմատում ենք Սինգապուրի հետ, ապա այնտեղի տնտեսական հաջողության հիմնական պայմաններից մեկն այն է, որ ամբողջ շեշտը դրվել է արդյունավետության բարձրացման, եղած ռեսուրսներն ավելի լավ օգտագործելու վրա։

Խոսեցիք ներդրումների մասին. ինչպե՞ս անել, որ Հայաստանը դառնա գրավիչ երկիրներդրողների համար, որ նրանք շահույթ ունենան, շահագրգռված լինեն այստեղներդրումներ անել։

– Այդտեղ ավելի պրագմատիկ մոտեցում է անհրաժեշտ, քանի որ ներդրողների համար էմոցիոնալ, անգամ՝ մշակութային կապը որոշ նշանակություն կարող է ունենալ, սակայն տնտեսական շահն այստեղ առաջնային պետք է լինի։ Ներդրողների համար կայուն խաղի կանոններ են անհրաժեշտ ցանկացած երկրում։ Այստեղ գործին մեծ ազդակ կարող է հաղորդել, եթե արտասահմանում ապրող հայերը լինեն այդ ներդրողների առաջնագծում։ Եթե վերցնենք շատ սպեցիֆիկ հայկական արտադրանք, այդ արտադրանքը ոչ հային արտասահմանում ներկայացնելու համար լրացուցիչ բացատրություն է պետք տալ, հասկացնել, թե ինչ է, իսկ հային ներկայացնելն ավելի հեշտ է կամ կարիք չկա ներկայացնելու։ Դա նույն տուրիզմին ու մյուս ոլորտներին էլ կարող է վերաբերել։ Բայց շահագրգռել է պետք, որ արտասահմանում ապրող հայերը ցանկություն ունենան գալ՝ ներդրումներ անել։ Մենք պետք է մի կարևոր բան տարբերենք. ազգությամբ հային՝ սփյուռքահայից։

Տարբերությունն այսպես եմ պատկերացնում. բավական խորը ուսումնասիրություն եմ կատարում, ու այդ հետազոտությանս հիմքերից է՝ մենք մեծ սխալ ենք կատարում, երբ կարծում ենք, որ աշխարհի ազգությամբ բոլոր հայերը սփյուռքահայեր են։ Հայաստանից դուրս աշխարհում հայկական ամբողջ բնակչությունը համարվում է մոտ 7 մլն, բայց մենք պետք է հստակ գնահատենք, հասկանանք՝ արտասահմանում ապրող հայերի ո՞ր տոկոսն է սփյուռքահայ։ Ցանկացած սփյուռք մշտական վերադարձի մեջ է ապրում։ Վերադարձը, խնդրում եմ, չշփոթել հայրենադարձության հետ։ Հայրենադարձությունը ֆիզիկապես տեղափոխվելու և մշտական բնակություն հաստատելու կատեգորիա է ենթադրում, իսկ վերադարձն այն է, որ մենք երկուսով, օրինակ, Չիլիում կամ այլ երկրում հանդիպենք, որոշենք միասին մի տեղ նստել՝ զրուցել, կամ եթե դուք մի այլ երկրում ձեր օրը սկսեք հայկական նորություն նայելով, սա վերադարձի տարր է իր մեջ պարունակում։ Վերադարձը կարող է լինել ֆիզիկական, վիրտուալ, մետաֆորիկ։ Այսինքն՝ ցանկացած կապ, որը տվյալ ազգի ներկայացուցչին կապում է մեկ այլ նույն ազգի ներկայացուցչի, համայնքի կամ հայրենիքի հետ։

Մեր ռազմավարության հիմքը պետք է լինի՝ որքան հնարավոր է՝ շատ ազգությամբ հայերին սփյուռքահայ դարձնելը։ Սա նույնպես ամբիցիոզ նպատակ է։ Բայց եթե ընդունենք, որ 7 մլն հայերից կեսը սփյուռքահայ են, մեր նպատակը պետք է լինի՝ մյուս կեսին սփյուռքահայ դարձնելը, որովհետև սփյուռքահայ լինելն ավտոմատ կերպով ապահովում է վերադարձի առկայությունը։

Ի՞նչ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ։

– Քայլերի շրջանակը բազմազան է. իհարկե, միջոցառումներ անցկացնելը դրական երևույթ է։ Մենք տարբեր մոտեցումներ պետք է ունենանք մեծ համայնքների և փոքր համայնքների հետ աշխատելու հարցում։ Իմ ուսումնասիրության շրջանակներում ես աշխատում եմ Ավստրալիայի երկու համայնքների հետ. Սիդնեյի և Մելբուռնի։ Ավստրալիան խոշոր հայկական բնակչություն ունեցող երկրներից է. մոտ 50 հազար հայ է բնակվում այնտեղ։ Ավստրալահայերի մեծ մասն ապրում է Սիդնեյում, մոտ 35-40 հազար, իսկ Մելբուռնում՝ մոտ 7-10 հազար հայ, որը նույնպես շատ մեծ թիվ է։ Բայց այնտեղ հարց էին բարձրացնում, որ Հայաստանից ինչ պատվիրակություն գնում է, ինչ տեղի է ունենում, հիմնականում Սիդնեյի հետ է կապը։ Իհարկե, ծախսային հարցը լուրջ է, բայց հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներկայիս տեխնոլոգիական զարգացումների ժամանակաշրջանում դա շատ ավելի հեշտացվում է, ու շատ բաներ կարող են իրականացվել ինտերնետի միջոցով։

Ինտերնետն ու Հայաստանի Հանրապետությունը գրեթե նույն տարիքին են: Մինչև 25-30 տարեկան հայերի համար իրենց գիտակից կյանքի ընթացքում այդ երկուսն էլ միշտ գոյություն են ունեցել։ Նրանց համար բավական հեշտ է այդ կապը պահելը Հայաստանի հետ, անգամ, եթե դա անհատական ձևով է լինում, անգամ ինտերնետի միջոցով, այլ ոչ միայն համայնքային

Պարոն Վարդանյան, այստեղ անընդհատ խոսվում է հայրենադարձության մասին,նույնիսկ՝ խոսակցություններ կան, որ Սփյուռքի նախարարությունն անվանվի Սփյուռքիև հայրենադարձության նախարարություն. Դա սխալ չէ՞՝ հաշվի առնելով այն, որսփյուռքահայերը տարբեր երկրներում ունեն հիմնական աշխատանք, բիզնեսներ և այլն.Դուք ի՞նչ քայլեր կառաջարկեք դրա փոխարեն, ի՞նչ անել, որ կապն ամրանա ուայնտեղից օգնեն։

– Անվանափոխության անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ սփյուռքն իր մեջ պարունակում է վերադարձի տարրը։ Սփյուռքը միշտ վերադարձի մեջ է, այստեղ է տարբերությունը։ Եթե մենք խոսում ենք ուղղակի էթնիկ հայերի մասին, հարցն այլ հարթության մեջ է։ Եթե խոսում ենք սփյուռքահայերի մասին, ապա ցանկացած ազգի սփյուռք իր մեջ մշտական վերադարձ է պարունակում։ Հայրենադարձությունը պետք է լինի այդ վերադարձի ուժեղացումը՝ հային սփյուռքահայ դարձնելը։

Մարդկանց հնարավոր չէ ստիպել՝ ամեն ինչ թողնել ու տեղափոխվել Մայր հայրենիք, բայց մարդկանց կարելի է շահագրգռել, իսկ շահագրգռելու հիմնական ձևը պատկերացնում եմ տնտեսական շահը։ Այսինքն՝ ստացվում է, որ մարդուն ուղղակի պետք է ինչ-որ տեղ օգնել, ինչ-որ տեղ չխանգարել, երևի թե երկրորդի նշանակությունն այդ դեպքում ավելի մեծ է լինում, որովհետև արտասահմանում գործունեություն ծավալող հայերի մեջ շատ մեծ տեղ ունեն զարգացած, բիզնես ջիղ ունեցող, որոշակի մասնագիտության մեջ նվաճումների հասած մարդիկ։ Այսինքն՝ այդ մարդիկ միջազգային ասպարեզում աշխատելու փորձ ունեն, ձևերը գիտեն, և շատ դեպքերում՝ իրենց ոչ այնքան՝ օգնել, ինչքան՝ չխանգարել է անհրաժեշտ։ Եթե ունես որոշակի ներդրման համար նախատեսված գումար, և ունես 5,6,7 երկիր, որոնք ռիսկային առումով համարժեք երկրներ են, և դու պարզապես հայ չես, այլ սփյուռքահայ ես, այստեղ արդեն էմոցիոնալը դեր կխաղա, և քեզ մոտ ցանկություն կինի՝ ինչո՞ւ չէ, եկեք այս մի մասն էլ ներդնենք Հայաստանի տնտեսությունում։ Ներդրում անելով՝ կապվածությունը Հայաստանի հետ ամրապնդվում է։ Կապվածությունը նշանակում է՝ գալ-գնալ։

Ռազմիկ Մարտիրոսյան

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:



Նման նյութեր