«Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ… »:
Վարդապետի մասին այսպես է գրել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը:
Սեպտեմբերի 26-ին նշվում է հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի 149-ամյակը:
Կոմիտասի տարեդարձին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) համերգային ծրագրով սեպտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը։
Գիտաժողով-փառատոնի շրջանակում միջոցառումներ են նախատեսված ոչ միայն Հայաստանում, այլև Ֆրանսիայում:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Փարիզի ակադեմիայի և համալսարանային ասոցիացիայի հետ համատեղ սեպտեմբերի 28-ին Սորբոնի մեծ դահլիճում կիրականացնի «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողով, խմբերգային երաժշտության երեկո:
Գիտաժողով-փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին Հառիճավանքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան) կկատարի Կոմիտասի «Պատարագը»։
Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում` երաժշտասեր ընտանիքում: Մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը: Ապրում է տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը մեկնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:
Մանուկ Սողոմոնը գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Քսան թեկնածուից ընտրվում է նա։ 1890 թվականին դառնում է սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։
Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան շնորհվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին` փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում և յուրացնում է հարմոնիայի դասընթացը։
Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ղեկավարությամբ: 1899 թվականին վերադառնում է Էջմիածին և ղեկավարում տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Ճամփորդում է երկրի բոլոր շրջաններում՝ փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Նա հավաքում է մոտավորապես 3 000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելուն։
Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ «Պատարագն» առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։
Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվականից հետո ապրել և աշխատել է Պոլսում, որտեղ հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլի 24-ին, այլ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է աքսորից։
Կոմիտասը տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ 1935 թվականին մահացել է հոգեբուժական կլինիկայում։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։