Կոլումբիայի Բարանքիլիա քաղաքի բնակչուհի 38-ամյա Անտոնելա Միլենա Պադիյան ինը ամիս հղիություն է ձևացրել, ինչից հետո ստել է, որ իրեն առևանգել են հանցագործները և պատռելով արգանդը դուրս են հանել երեխային։ Daily Mail-ի տեղեկացմամբ՝ այդ ճանապարհով կինը փորձել է իր կողքը պահել ամուսնուն։
Ամուսնու մոտ որևէ կասկած չի առաջացել կնոջ հղիության վերաբերյալ և նա անհամբեր սպասել է, թե երբ է առաջին անգամ հայր դառնալու։ Սեպտեմբերի 22-ին Պադիյան տեղեկացրել է, որ ուղևորվել է մոտակա հիվանդանոց կեսարյան հատման համար։ Նույն օրը երեկոյան նա լացակումած զանգահարել է ընտանիքի անդամներին և ասել, որ մի խումբ հանցագործներ առևանգել են իրեն, կապկպել, թմրանյութեր ներարկել և նրա արգանդից դուրս են հանել երեխային վերջինիս սև շուկայում վաճառելու նպատակով։
Ապշահար հարազատները իր կամքին հակառակ կնոջը հիվանդանոց են տարել, իսկ բժիշկները կատարվածի մասին անմիջապես հայտնել են ոստիկանությանը։ Սակայն ոստիկանության աշխատակիցների մոտ կասկած է հարուցել այն փաստը, որ կնոջ մարմնի վրա սպիեր չեն եղել, իսկ արյան անալիզները հերքել են հղիությունը և թմրանյութերի բռնի ներարկումը։
Երբ սուտը բացահայտվել է, կինը փախուստի է դիմել։ Այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ։