Ղարաբաղի մարզիչ․ Մխիթարյանի՝ Ադրբեջան գալը կամ չգալը մեր խնդիրը չէ
Advertisement 1000 x 90

Ղարաբաղի մարզիչ․ Մխիթարյանի՝ Ադրբեջան գալը կամ չգալը մեր խնդիրը չէ

Ադրբեջանական «Ղարաբաղի» գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպումից առաջ խոսել է լոնդոնյան թիմի հայտացուցակից Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին։

Հիշեցնենք, որ հաշվի առնելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը՝ Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմասնակցել առաջիկա արտագնա հանդիպմանը, իսկ «Արսենալի» ղեկավարությունը դեմ չի գնացել Մխիթարյանի ցանկությանը։

«Ես չէի ցանկանում քաղաքականությունը խառնել սպորտի հետ, բայց մենք այս հարցում ոչինչ չէինք կարող անել։ «Արսենալը» փորձում է խնայել իր ֆուտբոլիստին, սակայն Մխիթարյանի գալը կամ չգալը մեր խնդիրը չէ։ Եթե Հենրիխ Մխիթարյանը որոշեր գալ Ադրբեջան, դա առաջին դեպքը չէր լինի․ մինչ այս շատ հայ մարզիկներ են եկել Ադրբեջան։

Ամեն դեպքում դա «Արսենալի» որոշումն է։ Հնարավոր է՝ «Արսենալում» վախեցել են, որ Մխիթարյանը 60․000 ադրբեջանցի երկրպագուների առաջ խաղադաշտ դուրս կգա և իրեն ճնշված կզգա, դրա համար էլ որոշել են, որ նա չժամանի»,- Գուրբան  Գուրբանովի խոսքը մեջբերել է «Standard»-ը։

Հավելենք, որ «Ղարաբաղ»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 4-ին:

armsport.am