Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը. Մոնսերատ Կաբալյեն՝ հայերի մասին. shantnews.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը. Մոնսերատ Կաբալյեն՝ հայերի մասին. shantnews.am

Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյեի ձայնը նկատել էին դեռ լիցեյում սովորելու տարիներին: Նրան ուսուցիչները խորհուրդ էին տալիս գնալ Իտալիա և ուժերը փորձել օպերայում, սակայն նա չուներ բավարար ֆինանսական միջոցներ այնտեղ գնալու և ապրելու համար:

Այդ ժամանակ բարերար Բելտրանների ընտանիքը հայտնի բարիտոն Ռայմոնդ Տորեսին գրում է երաշխավորագիր: Բելտրան Մատան հոգում է աղջկա ճանապարհորդության բոլոր ծախսերը: Շնորհիվ այս նամակի՝ Կաբալյեին ընդունում են թատրոն:

Թատրոնում նրա ելույթի ժամանակ ներկա է լինում Բազելի օպերային թատրոնի ղեկավարը, որը պարզապես հիացել էր աղջկա ձայնով և բեմական արտաքինով: Այս ելույթից հետո նրան աշխատանք են առաջարկում Բազելի օպերային թատրոնում: Մոնսերատ Կաբալյեն համաձայնում է և մեկ տարով գնում Շվեյցարիա:

Սակայն երգչուհին մեծ ճանաչում է ձեռք բերում 1965թ., երբ նրան առաջարկում են Նյու Յորքի «Կարնեգի սրահում» փոխարինել օպերային դիցուհի Մերիլին Հորնին «Լուկրեցիա Բորջիայում» համանուն կերպարում: Հանդիսատեսը, որը սովոր էր լսելու միայն հայտնի երգչուհիների կատարումները, շունչը պահած լսում էր անծանոթ երգչուհու առաջին արիան և նրան ծափահարում  մոտ 20 րոպե:

Այդ օրվանից Կաբալյեի կյանքը կտրուկ փոխվում է: Նրա ելույթներից ոչ մեկն աննկատ չի մնում: Նա երգում է Կրեմլի Մեծ սյունազարդ դահլիճում, Վաշինգտոնի Սպիտակ տանը. ելույթ ունեցել Նյու Յորքի ՄԱԿ-ի Ասամբլեայի գլխավոր դահլիճում, Պեկինի ազգային դահլիճում և այլն:

Իր կարիերայի ընթացքում երգչուհին կատարել է ավելի քան 130 օպերային պարտիա և մոտ 40 ամբողջական օպերաներ: Նրա պատվին գրվել է Exercises in Free Love երգը, որը կատարել է հանրահայտ երաժիշտ Ֆրեդի Մերկուրին: Իսկ արդեն 1992 թվականին Կաբալյեն Ֆրեդի Մերկուրիի հետ միասին կատարել է Բարսելոնում տեղի ունեցող ամառային օլիմպիական խաղերի հիմնը՝ «Բարսելոնա» երգը:

Երգչուհին միշտ եղել է հիթ շքերթների առաջին հորիզոնականներում: Իր կարիերայի ընթացքում Մոնսերատ Կաբալյեն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների: 1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է 1994 թվականից:

Մոնսերատ Կաբալյեն նաև սերտորեն կապված է հայերի և հայկական մշակույթի հետ: 2013թ. Հայաստան է այցելել հյուրախաղերով: Իր այցի շրջանակում նաև շրջել է Հայաստանի տեսարժան վայրերով: Նա նաև այցելել է Արցախ, հանդիպել երկրի բարձրագույն ղեկավարության հետ ու իր հիացմունքն արտահայտել հայկական քրիստոնեական հուշարձանների առատության վերաբերյալ։ Երգչուհին նաև այցելեց Գանձասար, որտեղ հանդիպել էր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Այցից  հետո Ադրբեջանում չեղարկեցին երգչուհու համերգը և նա համալրեց այն աշխարհահռչակ քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչների շարքը, որոնց անուններն ընդգրկված են Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում»։

2013 թ. հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։  Սակայն Ադրբեջանի պահվածքը օպերային երգչուհուն չի կաշկանդել և 2013թ. տարեվերջին նա թողարկել է «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմը

«Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը։ Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ։ Ես այստեղ՝ Ստեփանակերտում եմ՝ որպես երգչուհի, սակայն, որպես մարդկային էակ ներկայացնում եմ ՄԱԿ-ը։ Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- ասել է Կաբալյեն:

shantnews.am