Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը դուդուկով հնչեցրած «Դլե Յամանը» հիացական քննարկումների և զարմանքի առիթ էր դարձել օտարերկրացիների համար։ Հայաստանում ևս քննարկվում է դուդուկահարի ով լինելը․ հիմնականում հետաքրքրվում են՝ հայ է, թե ֆրանսիացի։
Ներկայացնում ենք Armdaily.am-ի բացառիկ հարցազրույցը ֆրանսիահայ դուդուկահար Ռոստոմ Խաչիկյանի հետ։
-Ռոստոմ, սկզբում դհոլ եք նվագել, այնուհետև նոր անցել եք դուդուկի։ Ինչու՞ որոշեցիք դհոլը թողնել։
-Այո, ես 18 տարեկանից դհոլ էի նվագում Փարիզի ժողովրդական անսամբլում, որը կոչվում էր «Ջիվանի»։ Դուդուկի ձայնը և հնչյունները ինձ միշտ հոգեհարազատ են եղել։ 24 տարեկանում ես մեկ շաբաթով եկա Հայաստան և ապրում էի Գևորգ Դաբաղյանի տանը։ Մեկ շաբաթ անընդմեջ պարապում էինք միասին և բազային գիտելիքներ ձեռք բերեցի։ Այնուհետև եկա Ֆրանսիա և էլի պարապում էի անընդհատ, որպեսզի կատարելագործեմ սովորածս։
-Շանսոնյեի հուղարկավորությանը Դուք էիք նվագում։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք այդ պահին։
– Օօօ, շատ ուժեղ։ Աննկարագրելի պահ էր ինձ համար։ Ինձ համար դժվար էր նաև, որ ես հայերեն լավ չգիտեմ և ամբողջովին «Դլե Յաման» երգը չէի հասկանում։ Այդ պահը լի էր ծանր զգացողություններով, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր և հպարտալի էր։ Եվ ինձ համար շատ անակնկալ էր այդ առաջարկը։ Ինձ զանգահարեցին և ասացին «Ռոստոմ, դու վաղը պետք է նվագես դուդուկ Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը»։ Մենք ընդամենը մի քանի ժամ փորձ էինք արել ու վերջ։
-Առիթ ունեցե՞լ եք շփվելու Ազնավուրի հետ։
– Այո մի քանի ամիս առաջ միասին Ժնևում համերգի ենք մասնակցել, որտեղ Ազնավուրը երգում էր, իսկ ես ՝ նվագում։ Տիգրան Համասյանը նույնպես մասնակցում էր այդ համերգին։ Շառլը մեծ էնէրգիայի և ուժի տեր մարդ էր։ Մինչև իր երգելու հերթը հասնելը ետնաբեմում նա մի փոքր հոգնած էր, բայց, երբ բարձրացավ բեմ, ամեն ինչ փոխվեց։ Կարծես մեծ ուժ հավաքեր իր մեջ։ Կանգնած էր ուղիղ, առանց որևէ հոգնածության։ Հինգ երգ երգեց այդ համերգին և ամեն երգի հետ մեծ էներգիա փոխանցեց հանդիսատեսին։
-Շանսոնյեի երգացանկից կա՞ երգ, որը Ձեզ առանձնապես հոգեհարազատ է։
-Դրանք շատ են։ Բոլորն էլ սիրում եմ։ Կառանձնացնեմ Non Je N’ai Rien Oublie-ն և La Boheme-ը։ Շառլի ամեն մի երգը մի պատմություն է, ամեն մի երգը ներկայացնում է նրա կյանքից մի հատված, խոսում ու պատմում իր մասին։
-Իսկ հայ ճանաչված դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ ծանո՞ք եք։
– Գասպարյանին երկու անգամ եմ հանդիպել։ Ֆրանսիայում գործող «Ախթամար» պարի խմբի հետ եկել էինք Հայաստան 1988թ․-ի երկրաշարժից ամիսներ անց։ Այդ ընթացքում եմ նրան հանդիպել, բայց շատ քիչ ենք շփվել, ինչի համար շատ եմ ափսոսում։ -Ֆրանսիայում տարածում ունի՞ դուդուկը, որպես երաժշտական գործիք։
-Մի քանի տարի առաջ այն բավականին «գաղտնի» գործիք էր ֆրանսիացիների համար։ Բայց հիմա շատերը գիտեն դուդուկի մասին։ Դրան նպաստել է նաև այն հանգամանքը, որ դուդուկը այժմ շատ են օգտագործում ֆիլմերի մեջ՝ գեղեցիկ երաժշտություն ստանալու համար։
-Ռոստոմ, ի՞նչ ժանրի երաժշտության սիրահար եք։
– Շատ եմ սիրում հայկական ժողովրդական երաժշտությունը։ Բացի դրանից շատ եմ լսում դասական և ջազային երաժշտություն։ Ամեն օր փորձում եմ օրվա մեջ գոնե մի քանի ժամ լսել դասական կամ ջազ։ Ժամանակակից հայ երաժշտությանը ծանոթ չեմ։ Բայց գիտեմ, որ վերջին ժամանակներում հայ երաժշտությունը բավականին մեծ առաջընթաց ունի։ Հայ կոմպոզիտորներից սիրում և լսում եմ Արամ Խաչատրյան և Առնո Բաբաջանյան։ Հայերի կողմից շատ ընդունված է Կոմիտասի երաժշտությունը։ Բայց ես, անկեղծ ասած, այդքան էլ չեմ կարողանում լսել և ընկալել նրա մատուցածը։