Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի 2-րդ համար, ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն ու 15-րդ համար, ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվելու են իրենց մանդատներից:
«Որոշել եմ շարունակել իմ աշխատանքը, որպես վարչապետի խորհրդական: Երկու աշխատանքները միասին անհամատեղելի են: Վախենալու ոչինչ չկա»,- ասաց Սրբուհի Ղազարյանը:
Ցուցակի 15-րդ համար Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ համագործակցությունը կշարունակի ավագանու իրավական հանձնաժողովի հետ:
«Հիմքը հրաժարվելու հետևյալն է` տեսել եմ` բավական լավ թիմ է ձևավորվել ավագանում: Հրաժարվել չի նշանակում, որ չեմ կատարի այն գործառույթները, որոնք նախատեսել եմ: Ձևաչափը գտել ենք, որ կհամագործակցենք իրավական հանձնաժողովի հետ: Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործադիր մարմնում աշխատելու ու տեղական ինքնակառավարման մարմնում գործառույթներ իրականացնելու մեջ շահերի բախման խնդիր եմ տեսնում, թեպետ օրենքը չի արգելում լինել վարչապետի խորհրդական ու ավագանի, որովհետև երկու գործն էլ, որ ես իրականացնում եմ, դա անում եմ անհատույց: Այսօր ծրագրավորված գործ ունեմ, որպես ավագանի: Այդ գործը կանեմ, վաղը առավոտյան մանդատից հրաժարվելու դիմումը կտամ»,- ասաց Բաղդասարյանը: