ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած երիտասարդ նկարչուհի Արմինե Աղայանցի կտավների ցուցահանդես-վաճառքում ներկայացված է հեղինակի կյանքի տարբեր շրջաններում արված 26 ստեղծագործություն: «Լվացք իտալական փողոցում», «Գեղեցկուհի մայրս», «Ջրաշուշաններ», «Ջրահարս» և այլ վերտառությամբ աշխատանքների վաճառքից ստացված ամբողջ հասույթը Աղայանցը պատրաստվում է տրամադրել «Իմ քայլը» հիմնադրամին: Ցուցահանդես-վաճառքը բացվեց հոկտեմբերի 15-ին «Royal classic house» շենքի ցուցասրահում:
«Հրաշալի գործեր են այստեղ ներկայացված: Կարծում եմ` բոլորը կշահեն, եթե տանը հայտնվեն նման կտավներ: Ինքս շատ կցանկանայի ունենալ դրանցից: Պիտի տեսնենք, թե քանի աշխատանք կվաճառվի, որքան կկազմի հասույթը: Ըստ իս` այս ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը կտրամադրենք հատկապես մշակույթի ոլորտին: Այդպես ճիշտ կլինի»,- նշեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանը:
Հակոբյանն անդրադարձավ նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավին և ասաց, որ մարդիկ դրան շատ են աջակցում: «Նույնիսկ փողոցում կանայք մոտենում են ինձ ու հարցնում, թե ինչպես է հնարավոր միանալ արշավին: Դա պարտավորեցնող է: Ճիշտն ասած` արշավը սկսելիս չէի կարծում, որ այդքան լայն հետաքրքրություն կառաջացնի: Իմ նպատակն էր արշավում ներգրավել հանրահայտ քաղաքական գործիչների տիկնանց: Բայց քաղաքացիներն անդադար նամակներ են գրում: Այդ աջակցությունը չափազանց ոգևորող ու պարտավորեցնող է: Մտածում եմ` ինչպե՞ս ստեղծել այն հարթակը, որպեսզի շատերը միանան մեզ, քանի որ ցանկացողները շատ-շատ են»,-եզրափակեց Աննա Հակոբյանը:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, խոսելով ցուցահանդեսի մասին, շնորհավորեց նկարչուհուն և շնորհակալություն հայտնեց նրան նման նախաձեռնության համար: «Ողջունում եմ նման ցանկացած նախաձեռնություն, առավել ևս, որ դրանով մեզ հնարավորություն եք տալիս ծանոթանալ այն աշխատանքներին, որոնք իրականացնում եք Հայաստանից դուրս և միևնույն ժամանակ բարեգործություն եք անում, ինչը միանշանակ իր նպատակին կծառայի: Հիանալի և հետաքրքիր կտավեր են»,-շեշտեց նախարարը:
Մեզ հետ զրույցում Աղայանցն ասաց, որ նկարում է 12 տարեկանից: «Ամեն տեղ նկատում եմ գեղեցիկը: Առօրյայում ամենաանհավանական դետալն անգամ կարող է ստեղծագործելու մուսա դառնալ: Ոգեշնչմանս աղբյուրն են վերածննդի դարաշրջանի աշխարհահռչակ նկարիչներ Միքելանջելով, Լեոնարդո դա Վինչին: Հայ նկարիչներից ինձ վրա մեծ ազդեցություն են թողել իմ դասախոսները` Սարո Գալենցը, Արմեն Բուբուշյանը, Գագիկ Ղազարյանը»,-պատմեց հեղինակը:
Նա հավելեց, որ իր կտավներում պատկերված հերոսների մեծ մասը մտածածին կերպարներ են:
Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի մինչև հոկտեմբերի 21-ը:
Արմինե Աղայանցը ծնվել է 1990 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցում: Հետագայում մասնագիտական կրթությունը շարունակել է Գեղարվեստի պետական ակադեմիայի արդյունաբերական դիզայնի ֆակուլտետում: Մասնակցել է հայաստանյան և արտասահմանյան ցուցահանդեսների:
2012 թվականին նա մասնակցել է Վենետիկի «Murano» ապակերգործական ընկերության կողմից կազմակերպված միջազգային ցուցահանդես-մրցույթին, որտեղ ներկայացված ինը անվանակարգից երկուսի համար, դրանք են` «Լավագույն գրաֆիկական մշակում», «Լավագույն միտք» արժանացել է ոսկե մեդալների:
2017-ին մասնակցել է Նյու Յորքի «Art Expo» ցուցահանդեսին, որից հետո հրավիրվել է նույն ցուցահանդեսի կողմից Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում կազմակերպված «Art Santa Fe» ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել է 14 կտավ: