Միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունն արտոնել է Սաակաշվիլին. Վրաստանի գլխավոր դատախազություն
Advertisement 1000 x 90

Միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունն արտոնել է Սաակաշվիլին. Վրաստանի գլխավոր դատախազություն

Վրաստանի գլխավոր դատախազությունն ապացուցված է համարել, որ միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունն արտոնվել է այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշվում է, որ ծառայողական լիազորությունների չարաշահման ու ծանրացուցիչ հանգամանքներում սպանության նախապատրաստության համար ձերբակալվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության նախկին պաշտոնյաներ:

Հայտնի է, որ խուզարկությունների ընթացքում իրավապահներին հաջողվել է գտնել երկու ձայնագրություն, որոնք արվել են 2007 թվականի փետրվարի 4-5-ին: Ըստ ձայնագրություններում առկա տվյալների՝ մեղադրյալներից մեկը ցանկանում էր գործում ներգրավել միլիարդատիրոջ թիկնապահին:

«Խոսակցության ժամանակ Գ.Դ.-ն հաստատում է, որ սպանության նախապատրաստման հարցը համաձայնեցված է Միխեիլ Սաակաշվիլիի հետ, քանի որ Բադրի Պատարկացիշվիլին եղել է նրանց քաղաքական հակառակորդը և իշխանության թշնամին»,- հայտնել են դատախազությունից:

Ձայնագրություններից պարզ է դարձել նաև, որ միլիարդատիրոջ սպանության բոլոր մեխանիզմները համաձայնեցվել են ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դաթո Ախալայայի հետ:

Գործով մեղադրյալ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին սպառնում է 16-20 տարվա ազատազրկում: Գործի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Բադրի Պատարկացիշվիլին, անսպասելիորեն մահացել է 2008 թվականի փետրվարի 12-ին, Լոնդոնի մոտակայքում գտնվող իր առանձնատանը:

tert.am



Նման նյութեր