Վարչական ռեսուրսի չարաշահում` Սասուն Միքայելյանի որդու համար. fip.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վարչական ռեսուրսի չարաշահում` Սասուն Միքայելյանի որդու համար. fip.am

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Հավանական հաղթող թեկնածուն է Սևակ Միքայելյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամ է Սևակ Միքայելյանը, հայտարարել է, որ թեկնածուներից որևէ մեկին չի սատարում։ Այնուհանդերձ, Հրազդանում միակ ՔՊ գրասենյակը, որը գտնվում է Կենտրոն թաղամասում, ծառայում է որպես Միքայելյանի նախընտրական գրասենյակ։

Բացի այդ, Միքայելյանի քարոզարշավն ընթացել է մի շարք խախտումներով։ Այսպես՝ Մեղրաձոր-Արտավազ-Հանքավան հասարակական երթուղու պատուհաններին փակցված է Սևակ Միքայելյանի նախընտրական պաստառը։ Ընտրական օրենսգրքի համաձայն, հասարակական տրանսպորտում արգելված է փակցնել նախընտրական պաստառներ: Հայտնի դարձավ նաև, որ Հրազդանի Ջրառատ թաղամասում Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը գտնվում է թիվ 6 համայնքային գրադարանում, որի ճակատամասին փակցված է նաև քարոզչական պաստառ։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։

Տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարեցինք Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և ներկայացանք իբրև Սասուն Միքայելյանի օգնական։ Բակլաչյանին հարցրեցինք, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին, ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին։ Տնօրենը պատասխանեց, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին, նաև առաջարկեց ներգրավել դպրոցականներին՝ 9-րդ դասարանցիներին։

Տիգրան Բակլաչյանը՝ Սևակ Միքայելյանի հանրահավաքին

Հավելենք, որ Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածի համաձայն, նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:

Կից ներկայացնում ենք Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը։

fip.am



Նման նյութեր