Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սամվել Մկրտչյանը իր վարած ГАЗ 5312 մակնիշի 32 ԼՕ 495 համարանիշի ավտոմեքենայով Կարբի գյուղից դեպի «Դեմեր» կոչվող այգիներ տանող ոլորանապտույտ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գահավիժել ձորը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Նասոյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Վարդանյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել խնձորով, իսկ մեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: