Ես քրիստոնյա եմ և չեմ տոնում Հելլոուինը. ինչո՞ւ
Advertisement 1000 x 90

Ես քրիստոնյա եմ և չեմ տոնում Հելլոուինը. ինչո՞ւ

Շատ քրիստոնյաներ տոնում են Հելլոուինը: Խոսքը վերաբերում է նաև որոշ եկեղեցիներին և հովիվներին:

Քանի դեռ նոր էի հավատքի մեջ, թույլ էի տալիս իմ որդուն այդ օրը հարևաններից կոնֆետներ ուզել: Մասամբ ես թույլ էի տալիս դա, որովհետև իմ ամուսինը դեռևս փրկված չէր և պնդում էր, որ մենք չպետք է արգելենք դա: Իհարկե, իմ թույլ տալու վրա ազդում էր նաև այն, որ ես վտանգ չէի տեսնում դրանում: Վերջիվերջո, շատ քրիստոնյաներ, ում ես հարգում էի, նույնն էին անում, և այդպես էլ ես ինքս ինձ արդարացնում էի՝ ասելով, որ դա լիովին նորմալ է:

Բայց որքան ավելի էի մոտենում Աստծուն և ավելի ճանաչում Նրա Խոսքը, հստակ գիտակցում էի, որ Հելլոուինը անընդունելի է քրիստոնյայի համար, որովհետև.

Աստված կյանք է, իսկ Հելլոուինը կենտրոնանում է մահվան վրա: Արդյոք ես պե՞տք է մասնակցեմ մի տոնի, որի շրջանակներում մարդիկ իրենց տները զարդարում են գերեզմանաքարերով:

Աստվածաշունչն ասում է, որ պետք է դեն գցենք խավարի գործերը (Հռոմեացիս 13.12), և որ լույսը ընդհանուր ոչ մի բան չունի խավարի հետ (Բ Կորնթացիս 6.14): Մի՞թե այս խավար տոնը մի բան է, որին պետք է մասնակցեն նաև լույսի զավակները:

Ես ազատագրվել էի վախից և խուճապային հարձակումներից ու գիտեի, որ վախըթշնամուց է գալիս: Արդյոք ես պե՞տք է տոնեմ այն, ինչ հիմնվում է վախի վրա:

Կախարդությունն, անշուշտ, զզվելի է Աստծո համար (Բ Կորնթացիս 18.10-13): Պարզապես անցեք խանութներով, որտեղ վաճառվում է Հելլոուինի համար նախատեսված պարագաներ, ու ասեք՝ չպե՞տք է արդյոք ինձ համար տհաճ լինի այն, ինչ կախարդությունը մեծարում է:

Հելլոուինը վիկկայի սրբազան տոնն է (վիկկան կախարդական նեոհեթանոսական կրոն է): Պե՞տք է արդյոք քրիստոնյաները տոնեն վիկկաների տոնը:

Արդյոք ընդունելի՞ է, երբ քրիստոնյան իր երեխային հագցնում է սատանայի հագուստներ (կամ կախարդի, վիշապի, սարսափելի կերպարների և այլն): Կներեք, մի՞թե սրանք դիվային դրսևորումներ չեն:

Իսկ եթե իմ երեխան պարզապես հագնի հրշեջի հագո՞ւստ: Հռոմեացիս 16.19-ը պատվիրում է, որ «իմաստուն լինենք դեպի բարին» և «միամիտ դեպի չարը»: Եթե ես թույլ տամ նրան՝ մասնակցել Հելլոուինին անգամ հրշեջի հագուստով, մի՞թե ես երկակի ազդանշան չեմ ուղարկում՝ թույլ տալով նրան մասնակցել չարիքի նման շքերթի:

Բ Կորնթացիս 6.17-ում Աստված պատվիրում է. «Նրա համար նրա միջիցը դուրս գնացեք և բաժանվեցեք, ասում է Տերը, և պիղծ բանի մի դիպչեք»: Մի՞թե Աստված չի ցանկանում, որ Իր երեխաները բաժանված լինեն աշխարհից, մեղքից ու չարից: Կանչված չե՞ն արդյոք նրանք՝ տարբերվելու այս աշխարհից:

Իմ հարազատներից շատերը մտածում են, որ անհեթեթ է՝ երեխային թույլ չտալ մասնակցել Հելլոուինին: Արդյոք նրանց կարծիքն ավելի մե՞ծ նշանակություն պետք է ունենա ինձ համար, քան այն, ինչ Աստված է մտածում: Չպե՞տք է արդյոք Աստծուն հաճեցնելը լինի իմ գլխավոր նպատակը:

Եթե իմ մտքում կամ սրտում կա առնվազն կասկած այն մասին, որ Հելլոուինը տոնելը սխալ է, մի՞թե դա հենց առաջին հուշումը չէ: Ինչո՞ւ շարունակել անել այն, ինչ ներսումդ գիտես՝ սխալ է:

Արդյոք Հելլոուինը տոնելը Աստծուն փա՞ռք է բերում: Ո՛չ: Այն երկրպագություն է՝ ուղղված սատանային:

Եվ այդ պատճառով, որպես նորադարձ հավատացյալ, ով փրկվել է մի քանի տարի առաջ, ես պատասխանեցի Սուրբ Հոգու հանդիմանությանը, ապաշխարեցի, որ գործում էի այն, ինչ հակառակ է Աստծուն, և վերջ դրեցի Հելլոուինի տոնակատարությանը մեր տանը:

Չարի, խավարի, կախարդության, վախի, մահվան և այլ դիվային երևույթներին պատվելուն նվիրված տոնը անարգանք է՝ ուղղված Աստծուն: Վերջակետ: Քրիստոնյաները, ովքեր փոխզիջման են գնում՝ տոնելով այս «տոնը», նման են սատանայի երկրպագուների, ովքեր տոնում են Սուրբ Ծնունդը և երգում են «Ծնունդ շնորհավոր, Հիսուս»: Այս երկու բաներն անհամատեղելի են: Հիսուսը ոչ մի ընդհանուր բան չունի սատանայի հետ (Բ Կորնթացիս 6.14), և մենք նույնպես չպետք է ունենանք:

crossnews.am