Գեղեցկությո՞ւն, թե՞…
Advertisement 1000 x 90

Գեղեցկությո՞ւն, թե՞…

Մի ժամանակ խալերն ու տարբեր տեսակի նշանները թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար հանդիսանում էին լավագույն զարդը: Կանայք իրենց դեմքին արհեստական խալեր էին նկարում, իսկ այսօր նորաձևության պահանջները բոլորովին այլ են` խալերի նկատմամբ, կարելի է ասել, որս են սկսել:

Մասնագետները գտնում են, որ խալերը կոսմետիկական արատներ են: Խալեր կարող են առաջանալ սկսած մարդու ծննդյան օրից՝ մինչև նրա ծերությունը, և իրենց էությամբ դրանք առանձնապես վնասակար կամ վտանգավոր չեն:

Դրանք շոշափելիս կարելի է զգալ կամ չզգալ` կարող է լինել մաշկի տակ կամ մաշկից մի քիչ բարձր: Իհարկե, խալերը որոշ գործոնների ազդեցությունից բարորակ գոյացությունից կարող են վերափոխվել չարորակի:

Պոկված խալը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ու բավականին երկար բուժման անհրաժեշտություն կզգացվի:

Պետք է աշխատել արագ հեռացնել այն խալերը, որոնք մենք անընդհատ ինչ-ինչ պայմաններում վնասում ենք` գոտիով, ուսակապով, վզնոցով կամ հագուստի այլ էլեմենտներով, հատկապես, եթե այն մի քանի անգամ արյունահոսել կամ բորբոքվել է:

Ավելի լավ է ազատվել այն խալերից, որոնք հնարավոր չէ հագուստով պաշտպանել արևից: Հավանականությունը մեծ է, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից արդեն մի քանի անգամ այրված խալը կարող է վերածվել չարորակ նորագոյացության:

Երբեք պետք չէ ինքնուրույն փորձել ազատվել խալերից: Ժողովրդական մեթոդներով երբեմն վերացնում են խալերը, բայց հնարավոր հետևանքների համար ոչ ոք պատասխանատու չէ:

Ուռուցքաբաններն ամեն օր ընդունում են նման ինքնաբուժության զոհերի: Կարելի է ասել` այսօր գրեթե յուրաքանչյուր գեղեցկության սրահում առաջարկում են խալերը հեռացնելու ծառայություններ:

Բայց այնքան էլ խելամիտ չէ առողջությունը վստահել, ասենք, եռամսյա դասընթացներ անցած կոսմետոլոգին: Անցանկալի խալերից պետք է ազատվել միայն բժշկի օգնությամբ, ով ունի համապատասխան մասնագիտություն ու փորձ: Բայց հաճախ, հատկապես կանայք, ձգտելով մաշկի կատարելության, հեռացնում են բոլոր խալերը` այրելով մաշկի բավական մեծ հատվածներ:

Սա հատկապես վերաբերում է քառասունին մոտ կանանց, ովքեր ափսոսանքով են հիշում իրենց երիտասարդ մաշկը, բայց, միևնույն է, բնականաբար, մաշկն արդեն չի երիտասարդանալու, դրա համար պետք է ժամանակին կանգ առնել:

Յուրաքանչյուր հեռացված խալից բծեր են մնում, իսկ եթե այն որակով չի կատարվել, այդ բծերն ունենում են մուգ շագանակագույն երանգ և համարվում են քիմիական այրման հետևանք:

Նման տանջալից պրոցեդուրայից հետո մաշկը միայն մասամբ է վերականգնվում: Երբեմն բոլոր ջանքերն իզուր են լինում, որովհետև հեռացված մեկ գոյացության փոխարեն առաջանում են մի քանիսը:

Մեր վերաբերմունքը խալերին ու այլ նորագոյացություններին պետք է լինի 2 ծայրահեղությունների մեջտեղում` պետք չէ անտարբեր լինել անընդհատ մեծացող խալերի հանդեպ, բայց նաև չարժե կուրորեն հետևել մոդային ու ազատվել մաշկի վրա եղած ամենափոքր բծից:

Մեր միակ խորհրդականն այս դեպքում պետք է լինի բժիշկը, և յուրաքանչյուր որոշում պետք է ընդունվի մասնագետի հետ խորհրդակցելուց հետո:

Օգոստոս 15, 2008