Վրաստանի հետ ՀՀ պետական սահմանի պահպանությունն իրականացնում են ՀՀ ազգային անվտանգության ենթակայության տակ գտնվող սահմանապահ զորքերի զինծառայողները:
Վրաստանի հետ ՀՀ պետական սահմանի մի զգալի հատված Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում է: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման միակ տեղը Նոյեմբերյանի տարածաշրջանում է, Կողբ գյուղի Ղիասի քար կոչվող տեղամասում, որտեղ գործում է Հայաստան մտնող բնական գազի կոմպրեսորային կայան:
Վրաստանի սահմանը հսկող սահմանապահ զինծառայողներից շատերը ազատվել են աշխատանքից, նրանք գործի ընդունվելով՝ 1-2 ամսից ինքնակամ ազատվում են ծառայությունից: Նրանցից մեկը, ով արդեն տաքսիստ է աշխատում, մեզ հայտնեց աշխատանքից դուրս գալու պատճառները: Սահմանապահ շարքային զինծառայողի աշխատավարձը բարձր չէ`130 հազար դրամ: Այդքան աշխատավարձով հազիվ կարելի է յոլա գնալ, ոչ թե`ընտանիքը նորմալ պահել:
Ցածր աշխատավարձի հետ խնդիր են նաև ծառայության պայմանները: Վրաստանի հետ Նոյեմբերյանի սահմանագոտին ձգվում է սարերի գլխով կամ Դեբեդ գետի ափով: Սարերի գլխին ամռանը ուժեղ քամիներ են փչում, որոնք ձմռանն ուղղակի անտանելի են դառնում: Դեբեդ գետի հոսքն իր հետ օդի սառը հոսանք է բերում:
Հայ սահմանապահները ոտքով քայլելով`հսկում են հայ-վրացական պետական սահմանը: Ի տարբերություն հայ սահմանապահների, Վրաստանի սահմանապահները ձմռանը չեն մրսում, քանզի Հայաստանի հետ սահմանը հսկում են «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաներով, որը Վրաստանի սահմանապահներին նվիրել է ԱՄՆ կառավարությունը: