Հարսանիքներին ժողովրդի մեծ մասը պարում է կապիկություններ անելով․ երեխային պետք է լսել տալ ազգային երաժշտություն․ Թովմաս Պողոսյան. armlur.am
Advertisement 1000 x 90

Հարսանիքներին ժողովրդի մեծ մասը պարում է կապիկություններ անելով․ երեխային պետք է լսել տալ ազգային երաժշտություն․ Թովմաս Պողոսյան. armlur.am

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի հետ հասկանալու, թե ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում ինչ պահանջարկ ունի հայկական ազգային երգը:

-Պարո՛ն Պողոսյան, ժամանակակից տեխնիկաների` «այֆոն»-ների և «այփադ»-ների դարաշրջանում ազգային երգարվեստը պահանջարկ ունի՞, ինչպես նախկինում էր: Արդյոք շատ անկում չի՞ ապրում: 

-Պահանջարկի առումով ազգային երգը անկման մեջ է: Անցյալում ազգային երգն առաջին տեղում էր, այսօր մնացել է վերջին տեղում իբրև պահանջարկ: Այսօր շատ ավելի անարժեք երևույթներն առաջին տեղում են և ունեն միլիոնավոր դիտումներ, իսկ ազգային երգիչների կատարումները, մեր փառապանծ, տաղանդավոր, ամենաբարձր պարգևներ ունեցող երգիչները, ինչպիսին են Օֆելյա Համբարձումյանն ու մյուս մեծերը, նրանց երգերն ունեն նվազագույն դիտումներ:

-Ըստ Ձեզ` ինչպե՞ս կարելի է կարգավորել այս խնդիրը:

-Ես այս խնդրի լուծումը տեսնում եմ միայն պետական կառույցների վերաբերմունքով: Երբ պետական ազգային մեծ տոներին Հանրապետության հրապարակում համերգներ են կազմակերպում, այդտեղ չի երևում Թաթուլ Ալթունյանի անվան մայր կոլեկտիվը, չի երևում Հայաստանի քառաձայն երգչախումբը, պարի պետական անսամբլը, սիմֆոնիկ նվագախումբը, օպերային թատրոնը, Սունդուկյանի թատրոնը, ինչո՞ւ չէ, նաև Արամ Մերանգուլյանի և «Սայաթ-Նովա» աշուղական երգի պետական անսամբլները: Սա միայն պետական գերագույն իշխանության կողմից կարգավորվող խնդիր է: Բավական է մեկ անգամ մատը թափ տալ համապատասխան կառույցների վրա և այս հարցը կշտկվի, որը չի շտկվել տասնամյակներ շարունակ` անկախության առաջին օրվանից մինչև այսօր ու նույնիսկ մինչև Ֆրանկոֆոնիայի համերգը:

-Ըստ Ձեզ` Ֆրանկոֆոնիայի համերգը սխա՞լ էր կազմակերպված:

-Այո, ճաշակավոր համերգ էր, սցենարի կառուցվածքը ճիշտ էր ընտրված, սակայն դարձյալ նույն հարցերն են` ո՞ւր էին պետական մեծ կոլեկտիվները: Եթե այսօրվա բյուջեի սղության մեջ պետք չեն գալիս այդ կոլեկտիվները, երևի պետք է ցրել բոլորին, և կդառնա ոչ թե ազգ, այլ անդեմ ժողովուրդ: Ինչո՞ւ այդպես պետք է լինի, երբ Թաթուլ Ալթունյանի անվան անսամբլը մեր ազգի մեծերը կոչել են «հայ ժողովրդի անձնագիր»:

-Պարո՛ն Պողոսյան, նախկինում, եթե երգիչ-երգչուհիները չունեին հարազատներ կամ հովանավորներ, ապա չէին կարողանում գումար վաստակել և ապրել: Այսօր որևէ բան փոխվե՞լ է, թե՞ նույն խնդիրը այժմ էլ կա:

-Նախկինում այդպես չէր: Նախկինում պրոֆեսիոնալ արվեստագետները բավարար աշխատավարձով աշխատում և ապրում էին: Այսօր անհնար է պրոֆեսիոնալ արվեստագետին բավարար աշխատավարձով ապրել: Այսօր նրանք դիմում են իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին, հովանավորներին, նրանցից մեկն էլ ես եմ: Այսօր լավ են ապրում բոլոր այն երգիչները, որոնք սպասարկում են ժողովրդի ցածրաճաշակ պահանջարկներին: Անարժեք պահանջմունքներին բավարարող երգիչներն այսօր ապրում են շատ լավ: Պրոֆեսիոնալ, ազգային արվեստին նվիրյալ երգիչներն օգնություն են ակնկալում իրենց հարազատներից:

-Ի՞նչ փոփոխություններ կուզեիք` լինեն Հայաստանում, նշե՛ք երեք կետեր, որոնք կուզեք` փոփոխվեն:

-Ես ողջունում եմ Հայաստանի այսօրվա վիճակը, կուզեմ, որ մանկապարտեզից սկսված` երեխային լսել տալ ազգային երգ ու երաժշտություն, ազգային պար սովորեցնել, այլ ոչ թե հարսանիքներին կամ այլ առիթներին ժողովրդի մեծ մասը պարի` կապիկություններ անելով, փոխանակ ազգային պար պարելու:

-Հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում որևէ փոփոխություն զգացե՞լ եք:

-Փողոցում քայլում եմ և ժողովրդի դեմքին ժպիտ եմ տեսնում: Նույնիսկ աշխատավարձերի կամ թոշակների գումարը չի ավելացել, ոչ մի բան չի փոխվել, բայց ժողովրդի դեմքին ժպիտ է հայտնվել: Իսկ նախկինում բոլորը գլուխները կախ և մտազբաղ հայացքներով էին քայլում:

-Ապագայում ի՞նչ անելիքներ ունեք: Տարին արդեն ամփոփվում է, ի՞նչ կիսատ թողած գործեր ունեք, որ պետք է շարունակեք հաջորդ տարի:

-ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը վերջին շրջանում համերգային շրջագայություններ է ունեցել Լիբանանում, Շվեդիայում և Ավստրալիայում: Այս տարի մեր անսամբլը զբաղված է ձայնագրություններով: Գրում ենք նոր երգեր, մոռացված կամ անհայտության մեջ մնացած մեծ աշուղների և մեր օրերի աշուղների երգերը, որոնք հանձնում ենք Հայաստանի հանրային ռադիոյի ֆոնդին ի պահ: Այս պահին զբաղված ենք դրանով: Դրանից առաջ մեկնեցինք Արցախ հայոց բանակի զորամասերում բարեգործական համերգներ տալու: Ի դեպ, երբ մեկնում էինք Արցախ բարեգործություն անելու, նորից դիմել եմ իմ բարեկամներին, որոնք օգնել են, որպեսզի կարողանամ «Սայաթ-Նովա» անսամբլը տանել ոգևորելու հայոց բանակի զինվորներին: Դիմեցի ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով, որ իրենք տրամադրեն ավտոբուսի գումար, որպեսզի հասնենք Արցախ և վերադառնանք, սակայն պաշտոնական պատասխան ստացա` «հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»: Այսինքն` ես հինգ ամիս առաջ պետք է դիմեի, որ սեպտեմբերին ուզում եմ գնալ Արցախ: Իսկ ես նրանց հետևյալ կերպ պատասխանեցի. «եթե վաղն, Աստված մի՛ արասցե, պատերազմ սկսվի, և դիմեմ, ասեմ տասը ավտոմատ տվեք, գնում եմ սահման, ինձ պետք է պատասխանեք` ուշ եք դիմե՞լ, պետք է դիմեիք հինգ ամիս առա՞ջ»: Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետև նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները: Նրանց մոտ մտնելը երբևէ բացառած հանգամանք է:

-Դուք փորձե՞լ եք մտնել Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի մոտ:

-Ես հեռախոսահամարս փոխանցել եմ և խնդրել, որ նախարարը զանգահարի ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին, սակայն ամիսներ ի վեր զանգ չեմ ստացել:

Զրուցեց Նատալյա Պողոսյանը

armlur.am



Նման նյութեր