Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ներկայացրել է մսի ու կարտոֆիլի առաջիկա թանկացումների վերաբերյալ իր կանխատեսումները։
Թթվասերն ու կաթնամթերքը Հայաստանում գնալով թանկանում են, և պատճառը անասնագլխաքանակի աննախադեպ կրճատումն է Հայաստանում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։
«Դա սկսվեց 2 տարի առաջ, երբ շեշտակի քանակությամբ Ուկրաինայից կաթի փոշի ներմուծվեց Հայաստան։ Կաթի գներն ընկան մինչև 80-90 դրամ։ Արդեն ձեռնտու չէր կովերին պահելը, և հսկայական գլխաքանակ գնաց դանակի տակ»,- ասաց Բերբերյանը։
Նրա խոսքով` 2 տարում Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների շուրջ 80 000 գլխաքանակ է մորթվել։ Դրա հետևանքով մսամթերքի գինն աճել է։ Միայն վերջին 1 ամսում մսի գինը բարձրացել է 1000 դրամով։ Տեղական մսի գինն այսօր հայաստանյան շուկայում հասել է 5000 դրամի։
Նույն իրավիճակն է նաև մանր եղջերավոր անասունների շուկայում։ Բերբերյանի խոսքով` չհաշվարկված արտահանումը դեպի Իրան հանգեցրել է մի իրավիճակի, երբ արտահանվել է անգամ մայրական կազմը` արգելակելով վերարտադրությունը։
Այսպիսով, մսի շուկայում երբեմնի ինքնաբավ երկրից Հայաստանը վերածվել է միս ներկրող երկրի։ Վերջին շրջանում մեր երկիր խոզի և տավարի միս է ներկրվել Բելառուսից, որը վաճառվում է 3000 դրամով։
Այդուհանդերձ, Բերբերյանն այս շուկայում հետագա թանկացում չի կանխատեսում` նշելով, որ շեշտակի թանկացումից հետո տեղական մսի գինը ներկայիս մակարդակում կպահպանվի առնվազն մինչև տարեվերջ։
Փոխարենը մոտ ապագայում սպասվում է կարտոֆիլի գնի բարձրացում։ Պատճառը, ըստ Բերբերյանի, վերջին 1 տարում կարտոֆիլի ցանքատարածությունների կտրուկ կրճատումն է (3200 հա-ով)։
«15 տոկոս ցանքատարածությունները պակասել են։ Դա ազդելու է արժեքի վրա»,- ասաց Բերբերյանը։
Նրա կանխատեսմամբ` առաջիկայում կարտոֆիլի 1 կգ-ի արժեքը կհասնի մինչև 250-300 դրամի` ներկայիս 180-200-ի փոխարեն։ Փորձագետը չբացառեց, որ կարտոֆիլի գինը կարող է հասնել անգամ 400 դրամի։