Ինչպես արդեն հայտնի է, «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասին` ընդամենը օրեր առաջ ձևավորված «Մենք» դաշինքով:
Հիշեցնենք` «Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ` «Լույս» դաշինքով, և այն ժամանակ նրանք պնդում էին, որ այդ նույն դաշինքով ցանկանում են մասնակցել նաև ԱԺ արտահերթ ընտրություններին:
Սակայն դաշինքը փլուզվեց, իսկ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ կուսակցությունը առանձին է գնալու ընտրությունների: «Մենք»-ի ձևավորումից հետո «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն և ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետև այսօր գաղափարական առումով նույն հարթության վրա են:
«Մենք»-ի ներկայացուցիչների ելույթներում Փաշինյանի իշխանության հասցեին որոշակի ընդդիմադիր տոնայնություն կա: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին խոսել է «Լույս» դաշինքի Երևանի ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ:
-«Լույս» դաշինքը ինչո՞ւ փլուզվեց:
-«Լույս» դաշինքի փլուզումը «Լուսավոր Հայաստան» կուսակցության որոշումն էր: Մենք դաշինքով մասնակցելու կողմնակից ենք: Նրանք որոշեցին կուսակցության ֆորմատով մասնակցել 5 ու 7 տոկոսների խնդիրը հաղթահարել-չհաղթահարելու առումով: Իսկ մենք չենք վախենում այդ 7 տոկոսից: Համոզված ենք, որ բավականին լուրջ արդյունքներ ենք գնահատում և մեր շանսերը բավականին բարձր ենք գնահատում:
-Ինչո՞ւ հենց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ դաշինք կազմեցիք:
-Գաղափարական առումով հարմար գտանք միանալ հենց «Ազատ դեմոկրատների» հետ, որովհետև իրենք արևմտյան արժեքները պահող ուժ են:
-Պարոն Արամ Սարգսյանի հայտարարությունները իշխող և Հանրապետական կուսակցությունների մասին շատ բուռն արձագանք ստացան: Ինչո՞վ է պայմանավորված նմանատիպ հայտարարությունը:
-Պարոն Սարգսյանի ասածները բոլորը սկսեցին ուղիղ իմաստով մեկնաբանել, բայց նա ընդամենը Եվրասիական տնտեսության հետ կապված հարցերի մասին էր խոսում: Նա նկատի ուներ, որ Հայաստանում մենք միակ ուժն ենք, որը պահում է արևմտյան արժեքները, իսկ մենակաբանությունները արվեցին հենց ուղիղ իմաստով:
-Դուք որևէ խնդիր ունե՞ք իշխող կուսակցության հետ:
-Իհարկե չունենք:
-Այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագրի» գործելաոճում կա՞ն բաներ, որոնց հետ դուք համաձայն չեք:
-Այո, իհարկե կան: Դա հենց Եվրասիական և արևմտյան արժեքների հետ կապված տարբերությունն է: Այս պահին համաձայն չենք միայն արտաքին քաղաքականության մասով:
-Խորհրդարանում ընդդիմադի՞ր եք լինելու:
-Այո: Հենց մեր վերջին հայտարարությունները դրան են տանում: Մենք կարծում ենք, որ երկրում պետք են գոնե երկու տարբեր գերիշխող ուժեր` տարբեր հայացքներ ունեցող, իսկ մենք մեզ համարում ենք երկրորդ` այսինքն մյուս կողմը պահող միակ ուժը Հայաստանում:
-Պարոն Շարմազանովը հակազդեց դրան` ասելով, որ հիմա միայն ՀՀԿ-ն է ընդդիմություն, իսկ մնացյալ բոլոր ուժերը զբաղված են Նիկոլ Փաշինյանի կառավարության գովքով: Սրա մասին ի՞նչ կասեք:
-Ես համաձայն եմ, որ ՀՀԿ-ն է ընդդիմություն: Բայց պետք է նշել` այդ կուսակցությունը գաղափարական առումով ընդդիմություն չէ: ՀՀԿ-ն ընդամենը իր աթոռից հրաժարվելու խնդիր ունի և ունի իր անձնական շահերն ու նպատակները և հենց դրա համար է ընդդիմություն: Մենք Փաշինյանի կառավարությանը գովելու կամ չգովելու խնդիր չունենք:
ՀՀ-ում ընդդիմությունը ուրիշ կերպ է ընկալվում: Այսքան տարի չի եղել ընդդիմություն, մենք 20 տարի պարզապես մահապարտներ ենք եղել:
Հիմա ընդդիմությունը պետք է լինի այն օղակը, ով կօգնի, որ բարձրացրած խնդիրներին լուծումներ տրվեն: Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ արյունոտ ձեռքերով է եղել և պատրաստ է եղել ամեն բանի: Չմոռանանք հոկտեմբերի 27-ը, 2004-ի ապրիլի 12-ը, մարտի 1-ը:
Այդ արյունոտ ձեռքերով իշխանության դեմ մենք իրոք մահապարտներ ենք եղել: Կարող եմ ասել` մեր պայքարը եղել է կյանքի ու մահվան պայքար: Հիմա արդեն պետք է փորձենք ձևավորել նորմալ ընդդիմություն թե՛ Երևանի քաղաքապետարանում, թե՛ խորհրդարանում:
–Ո՞ր ուժերը կլինեն ապագա խորհրդարանում:
-Կլինի «Իմ քայլը» դաշինքը, կլինենք մենք: Մյուսների մասին ոչինչ չեմ կարող ասել:
Լուսինե Մինասյան