ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը վերջին անգամ պատվաստվել է 36 տարեկան դառնալու օրը՝ հունիսին, դիֆթերիայի և փայտացման դեմ:
«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուք»- ասուլիսի ընթացքում Թորոսյանն ասաց, որ օրերս կպատվաստվի նաև սեզոնային գրիպի դեմ: «Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն ամեն տարի աշխարհում հարյուր հազարավոր կյանքեր են փրկում»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը՝ հորդորելով բնակչությանը ամեն տարի պատվաստվել գրիպի դեմ, քանի որ նախորդ տարվա պատվաստումը ազդեցություն չի գործում գրիպի նոր շտամների վրա:
Արսեն Թորոսյանը հավելեց, որ իր երկու երեխաներն ստացել և շարունակում են ստանալ պատվաստումների օրացույցում ընդգրկված բոլոր պատվաստումները:
Անդրադառնալով պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին, որոնք Հայաստանում տարակարծությունների պատճառ են դարձել, Թորոսյանն ասաց, որ դստեր 13 տարեկանը լրանալուն պես նա ևս կստանա տվյալ պատվաստումը: