«Վաֆլի» գծանշում՝ փրկությո՞ւն, թե՞ գլխացավանք
Advertisement 1000 x 90

«Վաֆլի» գծանշում՝ փրկությո՞ւն, թե՞ գլխացավանք

Հայաստանի Հանրապետության Ճանապարհային Ոստիկանությունը վերջերս նախաձեռնել է Երևանի որոշ առավել ծանրաբեռնված խաչմերուկների գծանշման փոփոխություն՝ կիրառելով այսպես կոչված «վաֆլի», կամ միջազգային անվանմամբ «yellow box» գծանշումը: Մինչ մեր վարորդները սովորում են այս իրողությանը, մենք փորձեցինք պարզել, թե ինչ խնդիրներ են լուծվում և ինչ դժվարություններ են ի հայտ գալիս այլ երկներում նման գծանշում կիրառելու արդյունքում:

Նախ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ «yellow box» գծանշումը սահմանափակում է վարորդի մուտքը որոշակի տարածք, հիմնականում՝ խաչմերուկ, եթե նա չի կարողանալու ազատել այդ տարածքը սահմանված ժամկետում առանց գծանշման վրա կանգառի: Բացառություն է կազմում դեպի ձախ շրջադարձը, երբ ստիպված եք զիջել ուղիղ գնացող տրանսպորտային միջոցներին:

Մեծ Բբրիտանիան առաջիններից էր, որտեղ սկսեցին կիրառել այս գծանշումը, որի նպատակն էր զգալիորեն թեթևացնել քաղաքների, մասնավորապես՝ Լոնդոնի ծանրաբեռնված երթևեկությունը: Հետաքրքրակն են բոլորովին վերջերս անցկացված մի սոցիոլոգիական հարցման արդյունքները: Այսպես, հարցված 2000 վարորդից շուրջ 80%-ը խոստովանել են, որ պարբերաբար խախտել են գծանշանի սահմանած արգելքը, սակայն նրանցից 78%-ը այդ հարցում «մեղադրում են» վատ աշխատող կամ սխալ կարգավորված լուսակիրները, իսկ 32%-ը բացի տեխնիկական պատճառներից նշել են նաև այլ վարորդների մեղքը, որոնց պատճառով իրենք ստիպված են եղել խախտել կաննոները: Հարցվածների 20%-ը մատնանշել է նաև, որ «yellow box» գծանշումը վատ տեսանելի է, կամ էլ կիրառված է ոչ ճիշտ հատվածներում:

Հատկանշական է, որ հարցման մասնակիցների 36%-ը ընդունում է, որ նման խախտման համար պետք է սահմանվի տուգանք առանց բացառոթյան, այն դեպքում, երբ մոտ այդքան մարդ էլ պնդում է, որ տուգանքը պետք է կիրառվի միայն իսկապես խնդրահարույց դեպքերում: Նշենք, որ Լոնդոնում նման խախտման համար տուգանքը կազմում է 130 ֆունթ սթերլինգ (մոտ 82 000 դրամ), որը կարող է զեղչվել կիսով չափ, եթե վարորդը այն վճարի սահմանված ժամկետից շուտ: Պաշտոնական տվյալներով միայն 2017 թ. Լոնդոնում նման տուգանք սահմանվել է 123 071 անգամ (մոտ 16 000 000 ֆունթ սթերլինգ):

Քանի դեռ Երևանում փորձարկվում է խցանումների հետ պայքարի այս միջոցը՝ դատելով վերջին շաբաթների տեղական փորձից և միջազգային տվյալներից, կարելի է եզրակացնել, որ «վաֆլի» գծանշումն միայն ինքն իրենով ունակ չէ ամբողջութամբ լուծել խնդիրը, քանի որ բաց կամ ոչ լիարժեք ուսումնասիրված են մնում այդ խաչմերուկների կահավորանքի ազդեցության գործոնները (լուսակիրների կարգավորում, գծանշման հստակություն և այլն):  Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ քանի դեռ մեր վարորդները չեն սովորել այդ նշանին, այն հանդիսանում է նաև լրացուցիչ սթրեսի աղբյուր, ինչը կարող է ևս մեկ «ծանրացուցիչ» հանգամանք հանդիսանալ:

Ակնհայտ է, որ ինչպես ցանկացած խելամիտ քայլ, որն ուղղված է ճանապարհային երթևեկությունն անխափան և անվտանգ դարձնելուն, «վաֆլի» գծանշման կիրառումն էլ ընդհանուր առմամբ ողջունելի է: Սակայն, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, սխալ կլինի կարծել, թե այն կարող է արագ և մեկընդմիշտ լուծել համապատասխան խաչմերուկներում խցանումների խնդիրը:

Հեղինակ՝ Արտյոմ Պետրոսյան

autoplus.am

 



Նման նյութեր