Հրշեջներին առայժմ չի հաջողվում մեկուսացնել ընդգրկուն հրդեհը Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում: Տարածաշրջանի կենտրոնական մասում կրակը ոչնչացրել է 35 բնակելի շենք և ավելի քան 17 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ, տարհանված է ավելի քան 800 մարդ: Այդ մասին Twitter-ում հայտնել է նահանգի հրշեջ ծառայությունը:
«Հրշեջների համար պայմանները շատ բարդ են, և առաջիկա 48 ժամում մենք դրանց վատթարացում ենք սպասում բարձր ջերմաստիճանի և սաստիկ քամու պատճառով»,- ասել է նահանգի արտակարգ ծառայությունների օպերատիվ շտաբի ղեկավար Քրեյգ Քրոուֆորդը ABC ռադիոկայանին տված հարցազրույցում: Տուժած շրջանների բնակիչների համար բացվել են տարհանման կենտրոններ: Սպասվում է, որ օրվա ընթացքում կտարհանվի ևս 800 մարդ: Ներկայում կրակի դեմ պայքարում գործի են դրված 300-ից ավելի հրշեջներ և հատուկ տեխնիկա: Օյսթեր Քրիքի, Ռուլս Բիչի, Ագնես Ուոթերի, Բաֆլ Քրիքի և Դոփուոթերի շրջանների տարածքում հայտարարված է արտակարգ դրություն, դրանց բնակիչները տարհանված են: