«Ւմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Լենա Նազարյանը գտնում է, որ վերջապես ունեցանք ընտրություններ, որտեղ մարդիկ որևէ միջադեպի մասին հեռուստատեսությամբ չեն լսել: Այդ մասին Նազարյանը նշեց դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում:
«Մենք սովոր ենք այլ ընտրությունների. անընդհատ սթրեսներ, վատ լուրեր, անընդհատ հիասթափություններ, բայց վերջապես մենք ունեցանք ընտրություններ, որտեղ մարդիկ նորմալ, հանգստյան օրով գնացին, իրենց ընտրությունը կատարեցին և գնալով տուն՝ որևէ միջադեպի մասին հեռուստատեսությամբ չլսեցին՝ վստահ լինելով, որ իրենց քվեն կհաշվեն և կգումարեն մնացածին»,- ասաց նա`չբացառելով, որ թեթև խնդիրներ եղել են, բայց կարևորն այն է, որ դրանք համակարգային չեն եղել, չեն եղել որևէ կենտրոնից ուղղորդված:
«Այդ խնդիրները պայմանավորված են եղել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների գործողություններով, որոնք ոստիկանության կողմից կանխվել են, ընտրողների կողմից սահմանափակվել են, և իրականում որևէ ազդեցություն ընտրական կամքի ձևավորման և ընտրության արդյունքների վրա չեն ունեցել»,- ասաց նա:
Ըստ Նազարյանի՝ նոր խորհրդարանում նրանք միանշանակ ջանքեր են գործադրելու «Ընտրական օրենսգիրքը», «Կուսակցությունների մասին» օրենքը փոփոխելու համար: