Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, անակնկալ ոչինչ չկար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներին:
«Ունենք խորհրդարան, որտեղ կա երեք քաղաքական ուժ, որից դոմինանտ է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ՝ ընդդիմություն: Թե որքանով այս քաղաքական ուժերը կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը, սակայն ես միշտ ասել եմ, որ ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Կարեն Քոչարյանն առանձնապես հետընտրական զարգացումներ չի ակնկալում: Ըստ նրա՝ այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան:
Անդրադառնալով խորհրդարան չանցած ավանդական քաղաքական ուժերին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ դրանք ներսում փոփոխությունների անհրաժեշտություն ունեն:
«Այն, որ ավանդական կուսակցությունները չհաղթահարեցին անցողիկ շեմը, խոսում է այն մասին, որ եթե իրենք իրենց հոգնած դեմքերին չեն մերժում, ապա իրենց մերժում է հասարակությունը»,-հավելեց Կարեն Քոչարյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բացված բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,70 տոկոս կամ 59059 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8530 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48811 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,43 տոկոս կամ 884456 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80024 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,50 տոկոս կամ 2619 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6456 ձայն, «Մենք» դաշինքը` 2,00 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12389 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22862 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103824 ձայն: