Կարիերան բավարար չէ երջանիկ լինելու համար
Advertisement 1000 x 90

Կարիերան բավարար չէ երջանիկ լինելու համար

«Հայի սրտով ֆրանսուհի». այդպես է ինքն իրեն կոչում հայտնի ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը: Նա 20-րդ դարի մեր լեգենդներից է, ֆրանսիական երգի վառ աստղերից, ով աշխարհի տարբեր բեմերում ելույթ ունենալով, պարտադիր մի քանի հայերեն երգ է կատարել: Ռոզի Արմենը երգել է Շառլ Ազնավուրի, Ժիլբեր Բեկոյի, Մորիս Շևալյեի հետ, իսկ Խուլիո Իգլեսիասը հատուկ նրա համար երգեր է գրել: Նրա գեղեցիկ ու նուրբ կատարումները լսել են աշխարհի բազմաթիվ երկրներում:

Ֆրանսուհիների հայտնի հմայքը զգալու համար բավական է տեսնել Ռոզի Արմենին, և հասկանալի կդառնա, որ ապրած տարիները և հույզերը միայն գեղեցկացնում են կնոջը: Նրա կեցվածքը և երգեցիկ առոգանությունը բեմի լուսարձակների ու ծափահարությունների հուշերն են պահպանել: Էլեգանտ, համեստ ու բարձրաճաշակ Ռոզի Արմենն իսկական աստղ է, թեև վաղուց արդեն մեծ մենահամերգներ չի ունենում: Իր վերջին այցելությունը Հայաստան եղել է 16 տարի առաջ: Նրա երգերը սիրել են մեր մայրերն ու տատիկները, նրանց համար Ռոզի Արմենը լեգենդ է եղել: Դեկտեմբերի սկզբին Ռոզի Արմենը մի քանի օրով Երևան էր այցելել` Հանրային հեռուստատեսության ամանորյա երաժշտական ծրագրում նկարահանվելու համար: Տիկին Ռոզիի այցը նրա արվեստը վերհիշելու լավ առիթ կլինի:

– Վաղուց չէիք եղել Հայաստանում: Երևի մեծ փոփոխություններ նկատեցիք:

– Այն, ինչ հիմա տեսնում եմ Հայաստանում, շատ լավ է: Նոր տներ են, շնորհքով սարքած շենքեր, արտասահմանյան ավտոմեքենաներ շատ կան: Բայց Հայաստանի խորքը տեսնել դեռ չեմ հասցրել: Հուսով եմ, որ նույն կուլտուրան ու նույն արվեստի շունչը կա: Չգիտեմ, դեռ չեմ հասցրել զգալ:

– Ձեր երգացանկում նոր հայկական երգեր կա՞ն:

– Նոր երաժշտությանը լավ ծանոթ չեմ: Իմ երգացանկում, իհարկե, ֆրանսիական երգերն են շատ, բայց ամեն անգամ երբ Հայաստան եմ գալիս, ուզում եմ հայերեն երգեր երգել: Ես Փարիզում եմ ծնվել և դաստիարակվել եմ ֆրանսիական մշակույթով: Անշուշտ այդպես պետք է լիներ, քանի որ ես ֆրանսիական դպրոց եմ գնացել: Հայկական դպրոցներ այն ժամանակ չկային, կարող էինք շաբաթը միայն մեկ օր հաճախել հայերենի դպրոց, բայց հասկանում էինք, որ պետք է անպայման սովորենք մեր լեզուն:

– Աշխարհով մեկ սփռված հայերի ավելի մեծահասակ սերունդը միշտ ջանացել է պահպանել ու իրենց երեխաներին փոխանցել հայերեն լեզուն: Ավելի երիտասարդ ֆրանսահայերը նման պահանջ զգո՞ւմ են:

– Շատերն ուզում են պահպանել հայերեն լեզուն, բայց ոչ բոլորը: Անշուշտ երիտասարդները փորձում են պահպանել լեզուն, քանի որ զգում են հայության հետ շփվելու կարիքը: Հայկական ոգին շատ զորեղ է Ֆրանսիայում, հայերը շատ բան են անում Թուրքիայի Եվրամիություն մտնելու դեմ պայքարելով: Ասում են՝ չենք ուզում Թուրքիան Եվրոպա դառնա, քանի որ Եղեռնի հարց կա:

– Ասում էիք, որ երբ երգել դադարեք, անպայման հագուստի մոդելավորմամբ կզբաղվեք: Չե՞ք մտափոխվել:

– Օ, հագուստի մոդելավորումը ես շատ եմ սիրում: Միշտ աշխատում եմ մոդային հետևել, և կարծես թե հագուստ համադրելն ինձ մոտ լավ է ստացվում: Կարծում եմ, որ ունեմ ճաշակ և կարողանում եմ հագուստի ճիշտ կոլեկցիաներ անել:

– Կարելի՞ է սպասել, որ շուտով «Ռոզի Արմեն» պիտակը էքսկլյուզիվ հագուստ կառաջարկի:

– Ինչո՞ւ ոչ: Բայց դժվար իմ հագուստը էքսկլյուզիվ լինի: Լավ որակյալ pret-a-porte կարող եմ անել:

– Հայաստանում կանայք ճաշակո՞վ են հագնվում:

– Հայ կանայք հագնվում են այնպես, ինչպես ֆրանսուհիները: Լրիվ նույն հագուստն է, քանի որ հագուստի խանութներն էլ են նույնը: Ես զբոսնեցի Երևանում, մի քանի խանութ մտա ու տեսա, որ բոլորովին նույն ֆիրմաների հագուստն է վաճառվում, որոնք կան նաև Ֆրանսիայում: Հիմա աշխարհի բոլոր ժողովուրդները նույն բաներն են հագնում. և ֆրանսիացիները, և չինացիները, և ռուսները, և հայերը:

– Դա լա՞վ է:

– Մի կողմից` լավ է, մյուս կողմից` վատ: Լավ է, որովհետև տարբերությունը չի երևում, և վատ է, քանի որ կորչում է ազգի յուրահատկությունը, սպեցիֆիկ երանգն է անհետանում:

– Երջանիկ զգալու համար կնոջն արդյոք հերի՞ք է իր ընտրած մասնագիտության մեջ հաջողակ լինելը: 

– Անշուշտ, ոչ: Եթե զբաղվես սիրելի արհեստով ու հաջողության հասնես, կարելի է ասել, որ 70 տոկոսով ես երջանիկ: Բա մնացած 30-ը՞: Կողքիդ պարտադիր պետք է ընտանիք ու երեխաներ լինեն: Մենակ արհեստով չես կարող ապրել, ընտանեկան կյանք է պետք: Միայն լավ ընտանիքը կարող է երջանիկ դարձնել մարդուն:

– Իսկ ընտանիքն ու մասնագիտությունը չե՞ն կարող իրար խանգարել:

– Կարող են, և հաճախ խանգարում են: Այդ ժամանակ պետք է զիջումների գնալ: Եթե ես մտածեի, որ միայն իմ կարիերայի մասին պետք է հոգամ, չպիտի ամուսնանայի ու երեխաներ ունենայի: Եվ այդ ժամանակ երգչուհի Դալիդայի պես միայնակ ու չոր անձ կլինեի: Ու անպայման կյանքիս վերջում կասեի` ի՞նչ արեցի, երգեցի-երգեցի, հետո՞ ինչ: Միայն երգելը պարապ բան է: Ես դա զգացի, երբ երեսուն տարեկան դարձա: Յուրաքանչյուր տարվա ընթացում ես ինը ամիս երգում էի, հյուրախաղերի էի մեկնում: Տարվա մեծ մասն օդանավերում, հյուրանոցներում, ճաշարաններում և բեմերի վրա էի: Երգում էի, ապա համերգից հետո գնում էի հյուրանոցի իմ սենյակն ու մեն-մենակ մտածում էի` նույնիսկ ուտել չեմ ուզում, ուտելու սիրտ չունեմ, ավելի լավ է շուտ քնեմ, որ վաղը նորից համերգ երգեմ: Իսկ կողքիս ոչ ոք չկար: Մտածում էի` մինչև ե՞րբ այսպես պիտի երգեմ ու ինձ մենակ զգամ: Այնպես որ, երկուսն էլ պետք են` և ընտանիքը, և արվեստը: Եվ երկուսն էլ պետք է հավասարակշռված լինեն:

pizap.com14715837531521

– Դուք երկու որդի ունեք, ինչո՞վ են նրանք զբաղվում:

– Ավագ որդիս կոմպոզիտոր է, երգեր է գրում ֆիլմերի համար, իսկ կրտսերը բիզնեսով է զբաղվում:

– Իսկ այժմ, երբ միայնակության պահեր եք զգում, ինչպե՞ս եք վերագտնում կյանքի համը:

– Գիտեք, երբ սկսում ես երգել չորս տարեկանում, արդեն առանց երգի կյանքդ չես պատկերացնում: Իսկ երգելուց էլ հանդիսատեսի սիրո և նրա «բրավոների» կարիքն ես զգում:

– Հայտնի է, որ դուք տանը շատ կենդանիներ ունեք:

– Ես բոլոր կենդանիներին սիրում եմ, բացի, երևի թե, մկներից ու առնետներից: Բայց շներ ու կատուներ շատ եմ սիրում և տանս պահում եմ: Մի հատ էլ ձուկ ունեմ, որն ինձ արդեն ճանաչում է: Նրա անունը Հանց է: Ակվարիումը խոհանոցում է դրված, և ամեն առավոտ, երբ ես սուրճ պատրաստելու համար խոհանոց եմ մտնում, Հանցն ուրախ-ուրախ ինձ մոտ է լողում ու ուտելու բան խնդրում: Ինձ համար դա շատ տարօրինակ ու հուզիչ է:

– Բրիջիդ Բարդոյի նման կենդանիների պաշտպանությամբ չե՞ք ուզում զբաղվել:

– Բրիջիդը շատ մեծ գործ է անում: Եթե դուք տեսնեք, թե ինչպես են կենդանիներին սպանում, մինչև կյանքի վերջ չեք կարողանա մոռանալ: Ֆրանսիայի հեռուստատեսությամբ վերջերս չինական մի ծրագիր ցույց տվեցին, որտեղ նկարահանված էին փոքր ու նեղ վանդակներում պահվող շներն ու կատուները: Նրանց մորթին հանում էին, երբ նրանք դեռ կենդանի էին: Դա սարսափելի էր… Հետո այդ մորթիներն օգտագործում են հագուստի մեջ և մեզ են ծախում: Ես այդ ծրագիրը նայելուց հետո ասացի` վերջ, ես մորթի չեմ հագնելու: Շատ սիրելի մորթե մուշտակ ունեմ, հիմա դա էլ չեմ ուզում հագնել:

– Երևի երբ Երևանում ձեր հագուստի բուտիկն ունենաք, մորթե իրեր չեք վաճառի:

– Բուտիկի մասին խոսելը շատ կանուխ է: Բայց դա իմ կյանքի ամենամեծ փափագն է:

Նունե Հախվերդյան

«168.am»