Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Հայաստանի կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որի համաձայն հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 150 դոլարից դառնալու է 215 դոլար: Ինչպես հաղորդում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ռուսական գազի գնի հետ կապված տեղեկացնում ենք հետևյալը.
Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին:
ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»,- գրել է Վահան Հունանյանը: