
Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ում ժամանակավոր բյուջեի չընդունված նախագծի պատճառով կառավարական հաստատությունները մասնակիորեն դադարեցրել են աշխատանքը, Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում երեխաներն, այնուամենայնիվ, կկարողանան Կոլորադոյի ռազմաբազայից տեղեկատվություն ստանալ Սուրբծննդյան գիշերը Սանտայի Քլաուսի տեղափոխությունների վերաբերյալ: Այդ մասին դեկտեմբերի 24-ին հայտնել է The Independent բրիտանական թերթը:
Ամերիկացի զինվորականները հավաստել են, որ 1,5 հազար կամավորներ կօգնեն պահպանել 1955 թվականից հաստատված ավանդույթը, որին համապատասխան Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը երեխաներին տեղեկատվություն է տրամադրում Սուրբծննդյան նախօրյակին՝ դեկտեմբերի 24-ին, Սանտայի Քլաուսի տեղափոխությունների վերաբերյալ: Զինծառայողները և կամավորները դեկտեմբերի 24-ի երեկոյան կհավաքվեն Կոլորադոյի Փիթերսոն ռազմաօդային բազայում, որպեսզի պատասխանեն զանգերին:
«Մենք օգտագործում ենք ռադիոտեղորոշիչ համակարգեր, որոնք տեղադրված են ամբողջ աշխարհում, ինչպես նաև արբանյակներից ստացվող ինֆրակարմիր պատկերները, բացի այդ, մեզ մոտ խցիկներ են տեղադրված ամբողջ աշխարհում Սանտային հետևելու համար: Մենք նաև կործանիչներ ենք օգտագործում Սանտային ուղեկցելու համար»,- պատմել է մայոր Թոդ Ուոլթերը: