Բաքուն հուսով է, որ 2019թ. հայկական զինուժը դուրս կգա «գրավյալ տարածքներից». Մամեդյարով. shantnews.am
Advertisement 1000 x 90

Բաքուն հուսով է, որ 2019թ. հայկական զինուժը դուրս կգա «գրավյալ տարածքներից». Մամեդյարով. shantnews.am

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է՝ Բաքուն հուսով է, որ 2019-ին հայկական զինուժը դուրս կգա «գրավյալ տարածքներից»:

«Հուսով ենք, որ 2019 թվականին որոշակի առաջընթաց կգրանցվի գրավյալ տարածքներից հայկական զինուժի դուրսբերման և երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման հարցում»,- Էլմար Մամեդյարովի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:

Մամեդյարովն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը խաղաղության և անվտանգության երաշխիք կդառնա ամբողջ տարածաշրջանի ու նախևառաջ Հայաստանի տնտեսական զարգացման համար:

«Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում Մամեդյարովը նաև հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել արցախահայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

«Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ»,- ասել է Մամեդյարովը:

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ:

«Հակամարտության կարգավորումից հետո այս երկու համայնքները, իհարկե, պետք է ապրեն միասին: Հենց այդ պատճառով կարևոր է հայկական ու ադրբեջանական համայնքների միջև կապերի վերականգնումը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ պնդելով, թե մինչ պատերազմը հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ունեցել են այդ կապերը, որոնք «ցավոք, խզվել են» Հայաստանի նախկին ղեկավարության գործողությունների հետևանքով:

shantnews.am



Նման նյութեր