Ավստրիայում երեք դահուկորդ է զոհվել, իսկ չորսն անհետ կորել են, երբ ձյան առատ տեղումները պատել են երկրի մեծ մասը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, երկու գերմանացի դահուկորդ մահացել է Ֆորարլբերգ արևմտյան շրջանում ձնահոսքի տակ հայտնվելու հետևանքով, իսկ սլովենացի դահուկորդը զոհվել է Զալցբուրգի շրջանում:
Փրկարարների տեղեկություններով՝ 4 զբոսաշրջիկ ձյունաչմուշկներով անհետ կորած են համարվում: Նրանք անհետացել են Զալցբուրգի շրջանում:
Անցյալ շաբաթվա կեսերին Ավստրիայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում մինչև 1,5 մետր բարձրությամբ ձյուն է տեղացել, իսկ Զալցբուրգի լեռներում՝ մինչև 3 մետր:
Հարակից գյուղերում շուրջ 2000 մարդ կտրված է արտաքին աշխարհից: Առաջիկա օրերին ձյան տեղումները կշարունակվեն: