1918 թ. մարտին Վանը վերջնականապես հայազրկվեց։ Կրնկակոխ հետապնդելով Վասպուրականից Պարսկաստան նահանջող գաղթականությանը` օսմանյան զորքերն անցան թուրք-իրանական սահմանը եւ ներխուժեցին Ատրպատական:
Վանեցիներին հաջողվեց հասնել Սալմաստ (29.03.1918): Տեղի Հայ զինվորական խորհուրդը հայտարարեց զորահավաք եւ պայքարի կոչեց 18-40 տարեկան հայ ու ասորի տղամարդկանց։ Վերջիններս միացան Վանից նահանջած ուժերին:
Պարսից իշխանությունները խոստացան օգնական զորամասեր ուղարկել Սալմաստ, սակայն միայն հայ-ասորական զորամասերին էր վիճակված պաշտպանել իրենց բնակավայրերը եւ փակել Թավրիզ տանող ճանապարհները:
1918 թ. մայիսի 4-ին Ալի Էհսան փաշայի գլխավորած օսմանյան բանակը, տեղի քրդերի զինական աջակցությամբ, Խոյ-Սալմաստ-Ուրմիա ուղղությամբ անցավ հարձակման: Միաժամանակ Խանասորից ու Ջուլամերկից Ատրպատական անցան եւս երկու թրքական զորամասեր:
Վանից նահանջած հայկական զինուժն ու տեղի հայ կամավորները (շուրջ 4000 հոգի) ասորական 300 հոգանոց ջոկատի հետ հաջողությամբ հետ էին մղում օսմանյան զորքերի մեկը մյուսին հաջորդող գրոհները:
Դրությունը բարդանում էր նրանով, որ տեղի թուրք ու քուրդ բնակչությունը մեծապես օգնում էր օսմանյան բանակին եւ նրա հաղթանակն ապահովելու համար ինքնապաշտպանական ուժերին հարվածում նաեւ թիկունքից:
Չկարողանալով կոտրել հայերի դիմադրությունը եւ տալով կենդանի ուժի մեծ կորուստներ, թուրքերը մայիսի 6-ին նահանջեցին, իսկ հայերին հաջողվեց Խանասորի ուղղությամբ դուրս գալ թուրք-պարսկական սահմանագիծ:
Մայիսի 31-ին հայ-ասորական ուժերը Խոյի ուղղությամբ անցան հարձակման՝ նպատակ ունենալով ջախջախել թրքական բանակի ձախ թեւը եւ հասնել Հայաստանի Հանրապետության տարածք: Հարձակման պլանը մշակել էր ցարական բանակի գնդապետ, հայ-ասորական ջոկատի հրամանատար Տաբուրեն:
Մայիսի 31-ի գիշերը, անակնկալ գրոհի արդյունքում, Լեւոն Շաղոյանի գլխավորած վանեցիների ջոկատին հաջողվեց գրավել կարեւոր ռազմավարական բնագծեր եւ ձեռք բերել ահռելի քանակությամբ զինամթերք: Շրջապատման մեջ ընկավ եւ գլխովին ջախջախվեց թրքական զորամասերից մեկը:
Հունիսի 3-ին օսմանյան բանակն անցավ հակահարձակման: Նույն օրը Ուրմիայից Դիլման հասավ հայ-ասորական ուժերի ընդհանուր հրամանատար գնդապետ Կուզմինը, որը աջ ու ձախ թեւերում կռվող ասորական ուժերին նահանջի անհասկանալի հրաման տալով՝ ստիպեց հետ քաշվել։ Նահանջի հրամանից անտեղյակ հայկական զորամասերի համար ստեղծվեց շրջապատման իրական վտանգ:
Հունիսի 5-ի գիշերը, հրետանային կրակի տակ, մեծ կորուստներով մարտադաշտը լքեցին նաեւ հայկական ուժերը, որոնց հազիվ հաջողվեց խույս տալ շրջապատման օղակի մեջ հայտնվելուց: Անդրկովկաս անցնելու պլանը ձախողվեց:
Զարգացնելով հաջողությունը՝ թուրքերը գրավեցին Սալմաստը: Տեղի քրիստոնյա բնակչությունը սրի քաշվեց։ Նահանջող զորամասերի հետ Վանի ու Սալմաստի հայ ու ասորի գաղթականությունը շարժվեց դեպի Ուրմիա:
Անգլիացի նշանավոր գիտնական Առնոլդ Թոյնբին գրում է, որ Սալմաստում հորերից ու ջրամբարներից հանել են 850 գլխատված մարդկանց դիակներ: Ուրմիա լճի ափին թուրքերը դաշույններով խոշտանգել են հարյուրավոր ասորիների:
Հունիսի 7-ին հայ-ասորական զորամասերն ու գաղթականությունը մեծ կորուստներով հասան Ուրմիա: Նույն օրը Նախիջեւանից մեկնարկեց Զորավար Անդրանիկի հարավային ռազմերթը:
Ջարդելով Ջուլֆայի կամուրջը հսկող թուրքական ուժերին՝ Անդրանիկի շուրջ չորս հազարանոց զորամասը եւ նրան հետեւող քսան հազարանոց գաղթականությունն անցավ Արաքս գետը եւ ուղղություն վերցրեց դեպի Խոյ:
Երկու օր անց, Էվօղլու գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, Սարգիս Ճեպեճյանը գլխովին ջախջախեց թուրքական մի զորամաս եւ գրավեց երկու հրանոթ: Անդրանիկը գրոհով մտավ թուրքերի կողմից սրի քաշված հայկական Սեյդավար գյուղը:
Հունիսի 10-ին տեղի ունեցավ Խոյի ճակատամարտը: Հայերին թեեւ հաջողվեց մոտենալ քաղաքի պարիսպներին, սակայն թուրքերն ստանալով համալրումներ՝ անցան հակահարձակման։ Անդրանիկը, չդիմանալով թշնամու մեծաքանակ ուժերի գրոհներին, բռնեց նահանջի ճանապարհը:
Հաջորդ օրվա կեսօրին թրքական զորքերի կողմից հետապնդվող հայ զինվորներն ու գաղթականությունն անցան Արաքսի ձախ ափը:
Հնչակյան հայտնի գործիչ Արսեն Կիտուրն անդրադառնալով այդ իրադարձությանը, գրում է. «Խոյի ճակատեն մեր բանակը կռվելով կը վերադառնար: Տեղի թուրքերը շրջակա գետերի հունը փոխելով՝ ջուրերը դեպի Ավարայրի դաշտը ուղղած եւ այն ճահիճներու վերածած էին: Մեր զինվորներեն շատերը ինկած էին այդ ճահիճներու մեջ եւ չէին կրնար հառաջ երթալ: Անոնք աղիողորմ մահ կաղերսեին եւ կուզեին Անդրանիկի ձեռքով զարնվիլ, քան թե գերի իյնալ: Սահմռկեցուցիչ էր տեսարանը: Անդրանիկ այդ կողմը նայիլ չէր ուզեր եւ մռայլորեն խորասուզված էր դառն խորհրդածությանց մեջ»:
Դեռ Խոյի ճակատամարտի նախօրեին, Ուրմիայում կայացած ժողովում, հայերն ու ասորիները որոշել էին շարժվել հարավ եւ միանալ անգլիական բանակին: Այնուհետեւ, լսելով Անդրանիկի ռազմերթի մասին, նրանք շարժվեցին Խոյ, սակայն չկարողանալով ճեղքել թրքական պաշտպանությունը՝ հետ քաշվեցին:
Հունիսի 14-ին թուրքերը գրավեցին Թավրիզը: Նրանք այստեղից հեռացան Մուդրոսի զինադադարից հետո՝ 1918-ի նոյեմբերի 5-ին:
1918 թ. հունիս-հուլիս ամիսներին շարունակվում էր հայերի ու ասորիների հերոսական ինքնապաշտպանությունը: Հուլիսի սկզբին ստացվեց Ալի Էհսան փաշայի վերջնագիրը, որի համաձայն նա զինաթափվելու դիմաց խոստանում էր բոլոր ցանկացողներին թույլատրել անցնելու Անդրկովկաս: Վերջնագիրը մնաց անպատասխան:
Կատաղի մարտերից հետո թուրք-քրդական ուժերը հուլիսի 18-ին գրավեցին Ուրմիան եւ սրի քաշեցին քաղաքում մնացած շուրջ 15 հազարի հասնող հայ ու ասորի բնակչությանը:
Բազմահազար գաղթականությունը հայացքն ուղղեց դեպի Սային Կալա, որտեղ էլ հուլիսի 21-ին հանդիպեց անգլիական բանակի առաջապահ զորամասերին:
Օգոստոսի 1-ին շուրջ 75. 000-ի հասնող գաղթականությունն ու վերջինիս նահանջն ապահովող ուժերը մարտերով հասան Համադան: Կռիվներից մեկի ժամանակ զոհվեց Հովհաննես Թումանյանի որդին՝ Արտավազդը:
Համադանն այդ օրերին գտնվում էր անգլիական զորքերի վերահսկողության տակ: Այստեղ անգլիացիները հայ-ասորական ուժերին զինաթափեցին, այնուհետեւ օգոստոսի կեսերին գաղթականությանը տեղափոխեցին Բաղդադից ոչ հեռու գտնվող Բաքուբա քաղաքը, ուր նրանք վրաններում մնացին երկու տարի: Այստեղ զանազան հիվանդություններից մահացան եւս 4000 հոգի:
1921-1922 թթ. Բաքուբայից Բասրա անցած շուրջ 10.000 հայ գաղթականներ տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան, մյուսները ցրվեցին աշխարհի տարբեր անկյուններում: