Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում պատմել է Բաքվի բանտում ադրբեջանցի բլոգերի սպանության մասին, ըստ Լապշինի՝ ինքը եղել է վերջին մարդը, ով տեսել է այդ բլոգերին մահից առաջ:
Լապշինը, մասնավորապես, պատմել է ադրբեջանցի բլոգեր Մեհման Գալանդարովի մասին, որը դատապարտվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ քննադատական հրապարակումների համար, և որին Լապշինը պատահաբար հանդիպել էր Բաքվի բանտի միջանցքներից մեկում:
«Նրա դեմքն ինձ անծանոթ էր: Նա ասաց՝ «Ալեքսա՛նդր, ողջո՛ւյն: Ես էլ եմ բլոգեր: Դու ինձ հավանաբար չգիտես, բայց ես քեզ տեսել եմ հեռուստացույցով: Իմ անունը Մեհման է: Օգնի՛ր ինձ, նրանք ինձ այստեղ կսպանեն», – հիշում է ադրբեջանցի քաղբանտարկյալի խոսքերը Լապշինը:
Այն ժամանակ Լապշինը նրան պատասխանել է, որ չի պատկերացնում, թե ինչով կարող է օգնել, որովհետև ինքը նույնպես այդտեղ է գտնվում անօրինականորեն:
«Միակ բանը, որ ես կարող էի անել նրա համար, իր մասին տեղեկության փոխանցումն էր Ռուսաստանի ու Իսրայելի դեսպաններին, որոնք ինձ այցելում էին բանտում: Արդեն երբ ազատվեցի ադրբեջանական գերությունից ու վերադարձա Իսրայել, սկսեցի փնտրել այդ մարդուն: Պարզվեց, որ բլոգերը գազանաբար սպանվել է բանտի միջանցքում մեր պատահական հանդիպումից ընդամենը երեք օր անց», – գրում է ռուս-իսրայելցի բլոգերը՝ նշելով, որ Գալանդարովի մահը Ադրբեջանում ներկայացրին որպես ինքնասպանություն:
Լապշինը նաև հավելել է, որ ինքը ճանաչում է Մեհման անունով ևս մեկ ադրբեջանցի բլոգերի՝ Մեհման Հուսեյնովին, որին թեև անձամբ չի տեսել, սակայն ծանոթ է վիրտուալ կերպով: Ռուս-իսրայելցի բլոգերը նշել է, որ Հույսեյնովն այժմ նույն բանտում է:
«Նույն բանտում է նաև մարդասպանների խումբը, որոնք սպանել ու փոսն էին գլորել Գալանդարովին: Ես վախենում եմ տղայի կյանքի համար», – գրել է Լապշինը: