Այսօր ծնվել է Խաիմ Սուտինը. Նրա ժամանակը դեռ կեսճամփին է
Advertisement 1000 x 90

Այսօր ծնվել է Խաիմ Սուտինը. Նրա ժամանակը դեռ կեսճամփին է

Բայց չէ՞ որ նա մե՛ծ նկարիչ է, աշխարհում քանի՞ մարդ է տեղյակ նրա Ստեղծագործության մասին։ Եվ ինչու՞ նրա նկարները նայելիս՝ գիտակցությունդ շանթահարող առաջին միտքն այն է, որ այս մարդը՝ յուրաքանչյուր վրձնահարվածին զուգահեռ, կծկվել է սեփական մարմնի անտանելի մղկտոցից։

Խաիմ Սուտինը (1893-1943) ծնվել է Ռուսական կայսրության Մինսկյան նահանգի (այժմ՝ Բելառուս) Սմոլեւիչի քաղաքում, աղքատ հրեայի ընտանիքում։ 11 երեխաներից 10-րդն էր։ Հայրը դերձակ էր, ըստ մեկ այլ աղբյուրի՝ սինագոգում էր ծառայում։ Վաղ մանկուց նկարչության նկատմամբ նրա սերն ընտանիքում չի քաջալերվել, իսկ 16 տարեկանում նա համարձակվեց նկարել տեղի ռաբբիին, եւ վերջինիս որդուց այնպիսի դաժան ծեծ կերավ, որ հիվանդանոց ընկավ։ Զարմանալի չէ, որ դրանից հետո նա հեռացավ իր ծննդավայրից, հասավ Մինսկ, ուսանեց Կրուգերի նկարչական դպրոցում, հետո մեկնեց Վիլնո (այժմ՝ Վիլնյուս), այստեղ էլ նրան սպասում էր Գեղեցիկ արվեստների դպրոցը, բայց երազանքը Փարիզն էր, եւ 20 տարեկանում արդեն այնտեղ էր՝ իր տենչանք քաղաքում։

Ապրում էր աղքատ նկարիչների հանրակացարանում։ Հենց այդտեղ էլ ծանոթանում է Մարկ Շագալի, Ֆերնան Լեժեի եւ մի շարք այլ նկարիչների ու քանդակագործների հետ։ Այստեղ է հանդիպում Ամադեո Մոդիլյանիին։ Եթե չլիներ Մոդին, Սուտինի ծանր կյանքը կրկնակի դաժան կլիներ։ Մոդիլյանին խնամում էր նրան հոգատար եղբոր պես։ Նրա բնակարանային խնդիրներն էր լուծում, փող էր տալիս։ Լղարիկ, անլվա, հնամաշ հագուկապով, վանող արտաքինով. այսպիսին էր Խաիմ Սուտինը։ Ու տարօրինակ բան չկա, որ շատերին էր զարմացնում նրա եւ արտիստիկ, հմայիչ, կանանց սրտակեր, կոկիկ Մոդիլյանիի ընկերությունը։ Իսկ Մոդիլյանիին չէր հետաքրքրում, որ Սուտինը հազվադեպ էր լողանում։ Իր նոր ընկերոջը նա հանճարեղ նկարիչ էր համարում եւ հիացմունքը չէր թաքցնում։ Պատմում են, որ արդեն մահամերձ Մոդիլյանին ասել է վշտահար ընկերներին. «Մի տխրեք, Սուտինի նման հանճար եմ թողնում ձեզ»։ Ի դեպ, Մոդիլյանին նկարել է երիտասարդ Սուտինին, եւ այստեղ նա բոլորովին նման չէ Սուտինի «Ինքնանկար»-ին՝ սարսափազդու, տխեղծ, վանող։ Մոդիլյանիի Սուտինը խաղաղ, հավասարակշռված, նույնիսկ բարետես է։ Նա երեւի միակ մարդն էր, որ այդպիսի Սուտին էր տեսնում։ Կամ՝ գուցե ուզու՞մ էր, որ իր սիրելի ընկերն այդպիսին լինի։

Մոդիլյանիի մահը վշտաբեկ Սուտինին դարձնում է առավել ինքնամփոփ։ 1918-ին նա փոխադրվում է Ֆրանսիայի հարավ, նկարում է կատաղի ռիթմով եւ չորս տարի հետո Փարիզ է վերադառնում երկու հարյուր նկարներով բեռնված։ Ամերիկացի կոլեկցիոներ Ալբերտ Բարնսը հիսուն աշխատանք է գնում նրանից։ Նրան ճանաչում են, բազմաթիվ կտավներ են վաճառվում, անհատական ցուցահանդեսն է բացվում։ Նա այլեւս աղքատ չէր, այլեւս կիսաքաղց չէր, սեփական արվեստանոց ուներ, բայցեւ նույն անփույթն էր՝ վաստակածն անմիջապես ծախսում էր։

Նյութական վիճակի բարելավումը գրեթե ոչինչ չի փոխում Սուտինի կյանքում․ մաքրակենցաղությունը շարունակում է յոթ սարուձոր հեռու փախչել նրանից, կանանց հետ հարաբերություններում նույն ամաչկոտն ու տարօրինակն էր։ Ստամոքսի խոցի պատճառած ցավը միշտ դաջված էր դեմքին։ Անքուն գիշերներին էլ այցելում էին նրան Ռեմբրանդտը, Միքելանջելոն, Գոյան, իր սիրելի ընկեր Մոդին… եւ երկար զրուցում հետը։ Երբ ընկերներին պատմում էր այդ գիշերային այցերի մասին՝ ծիծաղում էին. «Քիչ խմիր, Խաիմ»։

Խելագա՞ր էր։ Ականատեսների բնութագրմամբ՝ նկարելիս նա փոթորիկ էր դառնում, տարերային աղետ, մրրիկ։ Նկարակալից հեռանում էր միայն այն ժամանակ, երբ հոգնությունից ոտքերը ծալվում էին, եւ ուր որ է՝ պետք է տապալվեր գետնին։ Պատահական չէր, որ նա պաշտում էր կարմիր գույնը, նրա համար կարմիրն արյան գույնը չէր, կրակի գույնն էր, եւ նկարելիս նա հրդեհ էր դառնում, եւ իր յուրաքանչյուր նկարի հետ ողջակիզվում էր, հետո մարում էր։ Հետո նորից՝ կրակ էր կտրում։ Միայն նկարելիս։ Արտաքուստ կիսավայրենի եւ փնթի հարբեցող այս տարօրինակ մարդն ազնվական էր ու ազատ, կամային էր ու հպարտ, եթե նկարակալի առջեւ էր։

Նրա կյանքի վերջին շրջանի հավատարիմ եւ սիրելի ընկերուհին՝ Մարի-Բերթ Օրանշը, մեծ դժվարությամբ՝ գնդակոծությունների տարափի տակ երկու օր շարունակ ճանապարհ է կտրում գյուղական սայլով եւ ստամոքսի խոցից տառապող Սուտինին հասցնում Շինոն փոքրիկ քաղաքի հիվանդանոց։ Այստեղ վիրահատում են նկարչին, իսկ հաջորդ օրը նա վախճանվում է արյան վարակումից։

Պատերազմ էր, եւ նրա թաղմանը ներկա էին Պիկասոն, Ժան Կոկտոն եւ էլի մի քանի մարդ։

Մոնմարտրում մի արձան կա, գլխարկն աչքերը քաշած, ձեռքերը գրպանները խոթած տղամարդ է։ Մեծագույն նկարիչ Խաիմ Սուտինի արձանն է։

Նրա ժամանակը դեռ կեսճամփին է, տեղ չի հասել։

ilur.am