Երևանի անտունների կացարանում էլ են «հնդիկներ» բնակվում ու չեն ուզում հեռանալ Հայաստանից. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանի անտունների կացարանում էլ են «հնդիկներ» բնակվում ու չեն ուզում հեռանալ Հայաստանից. armeniasputnik.am

Վարդաշենի անտունների կացարանում ոչ միայն հայաստանցիներ, այլև Հայաստան եկած անօրինական միգրանտներ են բնակվում։ Sputnik Արմենիայի այցի պահին այստեղ բնակվող ապօրինի միգրանտները երեքն էին. մեկը` Գվինեայից,  երկուսը` Պակիստանից։

3 օտարերկրացիներին կացարանի տնօրինությունը մեկ 3-տեղանոց սենյակ է տրամադրել։ Նրանք այստեղ ապահովված են այն նույն պայմաններով, ինչ Հայաստանի անտուն քաղաքացիները։ Ի տարբերություն հայերի, նրանք իրենց հայրենիքում տուն ունեն, բայց այնտեղ վերադառնալ չեն ուզում։

Գվինեայի քաղաքացի Սիլա Աբդուլլան հայրենիքում ոչ միայն տուն, այլև ընտանիք ու երեխաներ է թողել, բայց այնտեղ վերադառնալու հարցին միանշանակ «ոչ» է ասում և այդ թեման փակում բութ մատը կոկորդի վրա սահեցնելով, ժեստ, որով փորձում է հասկացնել` հայրենիքում իր կյանքը վտանգված է։ Թե ինչ վտանգի մասին է խոսքը, երիտասարդ գվինեացին չի պատմում։ Իսկ կացարանի աշխատակիցները, որոնք արդեն 4-5 ամիս է հոգ են տանում նրա նկատմամբ, գիտեն միայն, որ իրենց հյուրը Հայաստանն այնքան է հավանել, որ ուզում է մնալ այստեղ ու նույնիսկ աշխատանք գտնել։

Սիլա Աբդուլլային սահմանապահները հայտնաբերել էին 2018թ. օգոստոսի 13-ին հայ-թուրքական սահմանը հատելիս: 26-ամյա երիտասարդը Թուրքիա էր անցել Թեհրանից, որտեղից էլ փորձել էր Հայաստան գալ։

Սիլայի հետ կացարանի նույն սենյակում են բնակվում պակիստանցիներ Մոհամմեդ Նասրդի Աբուլ Կաշին և Մուհամմադ Աբդուլ Կարիմ Աշրաֆուլը։

Մեր անգլալեզու բարևին երիտասարդները, ի զարմանս մեզ, հայերենով պատասխանեցին, նույնիսկ ասացին` «ես լավ եմ, դու ո՞նց ես»։

Օգոստոսի 27-ին Հայաստանի սահմանը հատած պակիստանցիները մի քանի ամսում հասցրել են հայերեն որոշ բառեր ու արտահայտություններ սովորել, բայց, ի տարբերություն գվինեացի բախտակցի, չեն հրաժարվում լքել մեր երկիրը։ Նրանցից մեկը համաձայն է վերադառնալ հայրենիք, մյուսը խնդրում է, որ իրեն Եվրոպա ուղարկեն։

Հայաստանում հյուրընկալված պակիստանցիները Թուրքիայի կողմից Արաքս գետն անցել են լողալով ու փորձել թաքնվել Հայաստանի տարածքում։

Կարճատև հետապնդումից հետո, սակայն, սահմանապահները հայտնաբերել ու ձերբակալել էին նրանց։

Ինչպես մեզ հայտնեցին անտունների կացարանի աշխատակիցները, օտարերկրյա սահմանախախտներն իրենց մշտական հյուրերից են։ Հայաստանում ապօրինի հայտնված արտասահմանցիների հարցով նախ զբաղվում են հայ իրավապահները, պետական սահմանն ապօրինի հատելու համար նրանց որոշ ժամանակով ազատազրկման են դատապարտում, իսկ դատապարտման ժամկետը լրանալուց ու ազատություն ստանալուց հետո ժամանակավորապես տեղավորում անտունների կացարանում։

Դրանից հետո նրանց հարցերով զբաղվում են արդեն միջազգային կառույցները` ՄԱԿ–ն ու  ԿԽՄԿ–ն` նախապատրաստելով նրանց վերադարձը հայրենիք։ Իսկ մինչ հայրենիքը պատրաստակամություն կհայտնի ընդունել իր մոլորյալ զավակներին, նրանք մնում են Հայաստանի իշխանությունների ու հարկատուների հոգածության տակ։

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում վերջին շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել մեր երկրում ավելացող Հնդկաստանի քաղաքացիների խնդիրը։ Մինչդեռ, պարզվում է, որ Հայաստանը գրավում է ոչ միայն նրանց։

Նշենք, որ ՀՀ միգրացիոն ծառայության պաշտոնական տվյալներով, Հնդկաստանից միգրանտների թիվը Հայաստանում վերջին 1 տարվա ընթացքում իսկապես աճել է։ Եթե 2015թ.–ին ՀՀ–ում կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի 1119 քաղաքացի, 2016-ին` 1086, 2017-ին`938, ապա 2018թ.–ին նրանց թիվը հասել է 2000-ի։

armeniasputnik.am