ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հունվարի 18-ին ընդունեց տաքսի ծառայությունների ղեկավարների, անհատ տաքսիստների, փոխադրամիջոցների միության, հասարակական կազմակերպությունների և մեքենաներ ներկրող ընկերությունների ներկայացուցիչների։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նրանք իրենց հուզող հարցերը ներկայացրին ոստիկանության պետին, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների կայանատեղիներին, մեքենաների ներմուծմանն ու մաքսազերծմանը, օնլայն տաքսի ընկերություններին, տաքսիների ապահովագրությանը։ Նաև եղան առաջարկներ՝ կապված Երևանի տրանսպորտային խնդրի լուծման, խցանումների բացառման, նաև հայրենական մեքենաշինության հետ։
Բարձրացված այն հարցերին, որոնք ոստիկանության իրավասության տակ են, ոստիկանության պետը պատասխանեց և տեղում հանձնարարեց իրավասու ծառայությունների ղեկավարներին կարճ ժամանակում լուծումներ տալ։ Իսկ ոստիկանության իրավասությունից դուրս գտնվող խնդիրներին Վալերիյ Օսիպյանը ուղորդեց դիմել հասցեատերերին։
Հնչած որոշ հարցադրումներ էլ ոստիկանության պետն անձամբ կներկայացնի պատկան մարմիններին։