«Տաքսիստներ կան, որ օդանավակայանի արգելափակոցին են մոտենում, ասում են՝ սա Հայաստանի մուտքի գումարն է՝ 30 հազար դրամ, պետք է վճարեք»,- ասում է զբոսավար Սամվել Գասարջյանը:
Վերջինս պատմում է, որ 3-4 ամիս առաջ շուրջ 20 հոգուց բաղկացած խումբ էր դիմավորել: Խումբը 30-40 րոպե սպասել էր ևս 2 հոգու, հետո զանգել էին գրասենյակ, որ տեղեկանային՝ արդյոք այդ երկու հոգին ժամանել են, թե նրանց այցը հետաձգվել է: Պարզվել էր, որ նրանք արդեն հյուրանոցում էին, և տաքսու վարորդն օդանավակայանի արգելափակոցն անցնելու ժամանակ նրանցից 30 հազար դրամ էր վերցրել՝ իբրև Հայաստան մուտք գործելու վճար:
Սամվելը զբոսավար է աշխատում ավելի քան 2 տարի, սակայն վերջին ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանի ներսում տիրող իրավիճակով անհանգստացած է: Խնդիրը ժամանման սրահում հավաքվող տաքսու վարորդներն են, որոնք, ըստ նրա, ոչ միայն հաճախ վեճեր, անախորժություններ են ստեղծում զբոսավարների հետ, այլև սկսել են զբոսաշրջիկ «փախցնել»:
Սամվելի փոխանցմամբ՝ այս ամիսներին վիճակը հատկապես սրված է լինում Դուբայի և Շարժայի չվերթներրի ժամանակ, որոնցով հիմնականում գալիս են հնդիկներն ու ֆիլիպինցիները: Ի տարբերություն ռուս զբոսաշրջիկների՝ վերջիններս տեղեկացված չեն անհատական տաքսիների գնային սանդղակից, ինչի պատճառով էլ հաճախ հայտնվում են անբարեխիղճ վարորդների ծուղակում:
Մոտ 5 տարի զբոսավար աշխատող Տաթևիկ Խորենյանը պատմում է օրեր առաջ իր հետ կատարված դեպքը: Կալկաթայից եկող գործարար հնդիկների խմբի էր դիմավորել՝ կազմված 160 հոգուց: Պատահական տեսել է, թե տաքսու վարորդն ինչպես է խմբի անդամներից մեկին տանում, ու երբ հարցրել է, թե ուր է տանում, վարորդն ասել է՝ «էն մյուս ավտոն էլ ճանապարհին է»: Հետո պարզել են, որ զբոսաշրջիկներից երեք հոգու տաքսիստները Ծաղկաձոր տանելիս են եղել, սակայն կազմակերպիչներին հաջողվել է Չարենցավանի ճանապարհից նրանց վերադարձնել Երևան:
Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամ Անահիտ Ավագյանն էլ ասում է, որ երբ գնում է օդանավակայանում խումբ դիմավորելու, գիտի, որ այդ օրը վեճ է ունենալու տաքսիստների հետ:
Անահիտը նշում է, որ ժամանման սրահում՝ ելքի երկու կողմերում, հավաքվում են 15-ի հասնող տաքսիստներ՝ հիմնականում ոչ պատշաճ վարքագծով, խոսելաձևով: Ըստ զբոսավարի՝ նրանք այնքան խիտ են կանգնում ելքի մոտ, որ նույնիսկ փակում են «stop» նշանը, ու ճամպրուկներով բեռնված սայլակով ժամանող զբոսաշրջիկը չի կարողանում անցնել: Անահիտն ասում է, որ այս պարագայում երբ դիմում են տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, նրանք ձայն չեն հանում:
Ստեղծված պայմաններում, ըստ մեր զրուցակիցների, տուժում է Հայաստանի հեղինակությունը: Դեպքեր են լինում, երբ խաբված զբոսաշրջիկն ասում է, թե թող չհամոզեն, որ Հայաստանը լավն է: Մանրուքներից փոխվում է երկրի մասին տպավորությունը:
Լուսանկարը՝ smolensk-i.ru-ից