Տպավորություն է ստեղծվում, որ սկսվել է գրոհ հայագիտության դեմ. haydzayn.com
Advertisement 1000 x 90

Տպավորություն է ստեղծվում, որ սկսվել է գրոհ հայագիտության դեմ. haydzayn.com

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, թե ուսումնական բոլորը ծրագրերի, այդ թվում՝ հայագիտական առարկաների մասով, վերանայումներ են լինելու, քանի որ տարբեր դասագրքերում շատ են կրկնությունները: «Տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութերի մատուցման հետ կապված խնդիր կա, այսինքն՝ «Հայ եկեղեցու պատմություն», «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայագիտություն» առարկաներում կրկնություններ կան, և բոլոր այս առարկաների հետ կապված պետք է թեթևացնենք ծրագիրը»,– ասել էր նա:

Կառավարության ներկայացուցչի նման հայտարարությունը տարբեր մտավախությունների տեղիք տվեց: Ի՞նչն է փորձում բառնաթափել ԿԳ նախարարը:

Հարցի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը զրուցեց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

«Դժվարանում եմ ասել, թե նախարարն ի՞նչ նկատի ունի՝ կրկնություններ ասելով: Հայոց եկեղեցին հայոց պատմությունից անկախ գոյություն չի ունեցել, հասկանալիորեն, ընդհանրություններ կան, բայց կա կարևոր տարբերություն: «Հայ եկեղեցու պատմություն» առարկան իր խնդիրներն ունի, «Հայոց պատմությունը»՝ իրենը: Այստեղ խնդիրն արդեն առարկայի նպատակադրումն է, և այս առումով՝ դրանք չեն կրկնվում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Հայրենագիտություն» առարկային, Արտակ Մովսիսյանը նշեց, որ այդ առարկան ուսուցանվում է 5-րդ դասարանում, երբ դեռ «Հայոց պատմություն» չեն սովորում, և դրա նպատակն է մեր հայրենիքի ու ժողովրդի մասին ընդհանուր գիտելիքներ տալը: «Այդ առարկայում դրվագներ կան և՛ հայոց պատմությունից, և՛ հայոց լեզվից, և՛ հայ գրականությունից, և՛ հայ արվեստի ու մշակույթի պատմությունից: Հիմա ի՞նչ՝ պետք է ասել, թե «Հայրենագիտություն» առարկան բոլորին խանգարո՞ւմ է և պետք է հանե՞լ: 5-րդ դասարանում Հայոց պատմություն չեն սովորում, դրանք զուգահեռ չեն, հետևաբար կրկնության մասին անիմաստ է խոսել»,- ասաց նա:

Անդրադառնալով՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հնարավոր կրճատման խնդրին՝ Արտակ Մովսիսյանը նշեց, որ անհրաժեշտ է հարցի վերաբերյալ մասնագիտական քննարկում իրականացնել, պետք չէ այն շոուի վերածել: Պատմաբանը հիշեցնում է, որ տարիներ առաջ, երբ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան մտցվեց դպրոցական ծրագրում՝ բերվում էին որոշակի հիմնավորումներ, շեշտվում էր դրա անհրաժեշտությունը, այսինքն՝ եղել է մասնագիտական քննարկում: Հետևաբար, այժմ էլ անհրաժեշտություն կա նման հիմքային քննարկման իրականացման:

«Լուրջ մասնագիտական քննարկում պետք է անել: Իմ անձնական մոտեցումն այդ հարցին թե տարիներ առաջ, երբ մտցվեց առարկան, և թե այսօր նույնն է: Կարծում եմ, որ ճիշտ կլինի մեծացնել «Հայոց պատմություն» առարկային տրվող ժամանաքանակը, դրանում ավելացնել Հայոց եկեղեցու պատմությանը նվիրված թեմաների ծավալը, իսկ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ընդարձակել և դարձնել «Կրոնների պամություն», որտեղ անդրադարձ կլինի և՛ քրիստոնեությանը՝ իր ճյուղավորումներով, և՛ բուդդայականությանը, և՛ իսլամին, և՛ չինական կրոններին՝ դաոսիզմին ու կոնֆուցիականությանը, և՛ հուդայականությանը և՛ այլ կրոնններին ու դավանանքներին: Այսինքն` դասընթացը շատ ավելի շահեկան դարձնելու խնդիր կա»:

Պատմաբանը նկատում է, որ այսօր այլ իրավիճակ է ստեղծվել. «Հայ եկեղեցու պատմության» դասավանդման հարցը քաղաքականացվել է: Ինձ համար անհասկանալի է, երբ անկախ Հայաստանի պատմության մեջ կրճատվում են «Հայոց պատմության» դասաժամերը: Նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման մի քանի ամսվա ընթացքում բազմիցս հարցազրույցներում նշել է մեր օրենսդրությամբ պարտադիր համարվող «Հայոց պատմության» և «Հայոց լեզու» առարկաների կրճատման մասին: Հիմա սպասվում է, որ բարձրագույն կրթության մասին օրենքում, որի նախագիծը երկու անգամ Ազգային ժողովից հետ է ուղարկվել կառավարություն, կլինի համապատասխան փոփոխություն: Մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ սկսվել է գրոհ հայագիտության դեմ: Դա արդեն ուրիշ ոլորտ է: Այստեղ ոչ թե սրտացավություն կա, որպեսզի մեր երեխաներին հնարավորինս համընդգրկուն գիտելիք տանք, այլ քաղաքական և այլ շահախնդրությունների հարց կա»:

Արտակ Մովսիսյանն իր մտահոգությունն արտահայտեց այն առնչությամբ, որ կրճատվել են «Հայոց պատմության» դասաժամերը. «Անցած տարի «Հայոց պատմության» ժամերը կրճատվեցին, ԵՊՀ 20 ֆակուլտետից 18-ում «Հայոց պատմությունը» քննական առարկայից դարձվեց ստուգարքային, գիտեք, չէ՞, թե ինչպես են ուսանողները վերաբերվում ստուգարքային առարկաներին: Հիմա էլ ԿԳ նախարարն է նախատեսում կրճատումներ կատարել: Արայիկ Հարությունյանին ես անձամբ չեմ ճանաչում, չնայած երկուսս էլ համալսարանում ենք դասախոսել, բայց չենք առնչվել երբևէ: Ես իր անձի հետ կապված որևէ խնդիր չունեմ: Այստեղ խնդիրը հետևյալն է՝ մեր երեխաներին ի՞նչ գիտելիք ենք ուզում տալ, ինչպիսի՞ դաստիարակություն պետք է հայ երեխան ստանա»:

Պատմաբանը հարց է հնչեցնում. «Մենք ի՞նչ խնդիր ենք դնում մեր առաջ. մեր դպրոցն ավարտող աշակերտն ի՞նչ պաշարով պետք է մտնի կյանք: Այստեղից էլ պետք է եզրահանգել՝ հայրենագիտությունը, եկեղեցու պատմությունը, կրոնների պատմությունը, հայրենիքի պատմությունը մեզ անհրաժե՞շտ են, թե՞ ոչ»:

haydzayn.com