Հետ եմ կանչել տղաներին ու խնդրել, որ աղբը նետեն աղբամանը. Հայկ Մարության. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հետ եմ կանչել տղաներին ու խնդրել, որ աղբը նետեն աղբամանը. Հայկ Մարության. armeniasputnik.am

Դեռ երկու ամիս պետք է սպասենք` մինչև աղբահանության ոլորտում երկրորդ օպերատոր հայտնվի։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցերին։

Հայաստանում համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կառուցվելիք տարածք էր այցելել։ Sputnik Արմենիան Երևանի քաղաքապետին աղբահանության կազմակերպման հետ կապված մի քանի հարց է ուղղել։

–Աղբի վերամշակման հետ կապված` արդյո՞ք սկզբի համար աղբի տեսակավորման կարիք չունենք, և այդ ուղղությամբ ի՞նչ ծրագրեր ունեք։

-Աղբի տեսակավորմանը պետք է հասնենք։ Երբ աղբահանության խնդիրը լուծվի, մյուս փուլն աղբի տեսակավորումը կլինի։ Առանց աղբահանության խնդիրը լուծելու` տեսակավորման հարցը չի լուծվի։ Պատկերացրեք` աղբահանությունը լավ վիճակում չլինի, ու մենք դնենք աղբի տեսակավորման համար մի քանի աղբամաններ։ Ուղղակի այն չի էլ տեսակավորվի, և մեկ աղբամանի մեջ կլցնեն ինչ ուզում են, այսինքն` սխալ աղբը կլցվի սխալ աղբամաններ։ Աղբահանության խնդիրը լուծելուց հետո աղբի տեսակավորումն անպայմանորեն երկրորդ փուլում պետք է լինի։ Աղբի տեսակավորում պետք է իրականացնենք նախ աղբավայրերում և հետո արդեն սկսենք փողոցներում էլ աղբամանների թիվն ավելացնել։

–Երկրորդ օպերատոր ունենալու խնդրով աշխատանքներ տարվո՞ւմ են։

–Մենք պետք է նախ տեխնիկա ձեռք բերենք, ինչի համար արդեն մրցույթ է հայտարարվել։ Մի ընկերություն, որը մրցույթի պայմանների հետ համաձայն չէր, բողոքարկել է, ինչը 2 ամսով մեր գործերը հետ է գցել։ Փաստացի ստացվում է այնպես, որ դեռ երկու ամիս պետք է սպասենք մինչև երկրորդ օպերատորի ի հայտ գալը։ Սակայն մինչ այդ «Սանիթեքը» պետք է շարունակի իր գործունեությունը, ավելին` հորդորում եմ նորմալ աշխատանքային գրաֆիկով իրականացնել աղբահանման աշխատանքները։ Գիտե՞ք` երկրորդ օպերատորը դեռ տարիներ առաջ պետք է գործի մեջ մտած լիներ, սակայն չգիտեմ, թե ինչ պայմաններում և ինչպես երկու պայմանագիրն էլ մեկ ընկերության հետ է կնքվել։ Աղբահանության, երկրորդ օպերատոր ունենալուց բացի, քաղաքացիների հետ էլ որոշակի աշխատանքներ պետք է տարվեն։

–Այսինքն` բացի աղբահանության հարցը լուծելուց, պետք է նաև քաղաքացիների մոտ աղբը գետնին չնետելու մշակո՞ւյթը փորձենք ձևավորել։

–Այո, քանի որ ես իմ աչքով քանիցս տեսել եմ, որ աղբամանը դատարկ է եղել, երկու երիտասարդ եկել են աղբի տոպրակներով, աղբը դրել են աղբամանի կողքն ու գնացել։ Հետո ձայնել եմ այդ տղաներին, հետ կանչել ու խնդրել, որ աղբամանը գցեն աղբը։ Սա աբսուրդ է։ Այսինքն` այո, երկկողմանի լուծում է պետք` առաջինը, որ աղբահանությունը նորմալ աշխատի, և մեր բնակիչների մոտեցումը պետք է փոխվի։ Եթե մի հարցը լուծենք, մյուս չլուծենք, միևնույն է, կեղտոտ էլ մնալու է մեր քաղաքը։ Սակայն առաջնայինն այս պահին աղբահանությունը ճիշտ կազմակերպելն է։

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 23-ին, Հայաստանում համապետական շաբաթօրյակ է անցկացվում։

Մարտի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել էր, որ համապետական շաբաթօրյակի ժամանակ 6 աղբանոցներ և 447 աղբակույտեր կփակվեն, կմաքրվեն մի շարք տարածքներ: Շաբաթօրյակին ակնկալվում է 125-150 000 քաղաքացու մասնակցություն։

armeniasputnik.am



Նման նյութեր