Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր է տարածվում է տեղեկություն, թե համաներման արդյունքում ազատ արձակված 628 դատապարտյալներից 66 հոգի կրկին հանցագործություն են կատարել։ Ընդ որում սա ներկակացվում է համաներում երևույթը քննադատելու տեսանկյունից։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ազատության արժանի այն 562 մարդկանց ազատելու համար արժեր նաև այդ 66-ին ազատել։ Բայց իրոք խնդիրն առկա է, ու հարց է ծագում, թե արդյո՞ք հնարավոր չէր ապահովել «արժանիների» ազատությունը՝ բացառելով մյուսների ազատ արձակումը։ Այսպես ասած` խուսափել թացն ու չորն իրար խառնելուց։ Բանն այն է, որ դա ոչ միայն հնարավոր է, այլ անգամ օրենքով սահմանված։ Եթե ժամանակին դատարանները մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ պատիժ նշանակելիս պատշաճ կիրառեին պատժի անհատականացման սկզբունքը, իսկ հետագայում քրեակատարողական հիմնարկ-պրոբացիայի ծառայություն-դատարան «եռյակը» ճիշտ կիրառեր պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտն ու այն պատից կախված ձևական միջոցից վեր ածվեր իրականի, մենք կունենայինք ազատության մեջ այդ պայմանական 562 անձանց, իսկ պայմանական 66-ը կշարունակեին կրել պատիժը։ Այստեղ է թաքնված խնդիրը, այլ ոչ թե համաներման ակտում։ Իսկ եթե շարունակվի նույն գործելաոճը, եթե վերը նշված մեխանիզմները շարունակեն ձևականորեն միայն կիրառվել, ապա մի քանի տարի անց կրկին ստիպված ենք լինելու համաներում հայտարարել ու կրկին չորի հետ թացն է խառնվելու»։