Գյումրու քաղաքապետարանը անդրադարձել է Էդմոն Մարուքյանի մեկնաբանություններին
Advertisement 1000 x 90

Գյումրու քաղաքապետարանը անդրադարձել է Էդմոն Մարուքյանի մեկնաբանություններին

Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայությունն անդրադարձել է օրեր առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Գյումրիում իրականացվող փողոցաշինական ծրագրերի և դրանց իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրների վերաբերյալ գրառմանը։

«Վերջին օրերին հանրային քննարկումների թեմա են դարձել Գյումրու փողոցաշինական ծրագրերը և դրանց իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները: Այս պահին Գյումրիում իրականացվող խոշորամասշտապ ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է 40 կմ ճանապարհ: Այս մասշտաբի ծրագրերի իրականացումը աննախադեպ է Գյումրիի համար: Ծրագրերի մեկնարկի առաջին օրերից և մինչ օրս համագործակցել ենք փողոցաշինական աշխատանքների հարցում շահագրգիռ բոլոր անձանք հետ, քննարկել, վերլուծել ու լուծումներ գտել առաջ եկած խնդիրների համար: Եվս մեկ անգամ բոլորին հորդորում ենք ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացին, բարձրաձայնել խնդիրների մասին, հանդես գալ առաջարկներով, հետևել գործընթացին, աջակցել և ոչ թե խոչընդոտել աշխատանքների ընթացքին:

Մեր կողմից ծրագրի խորհրդատու կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկվել և իրականացվում են թերությունների վերհանման, դրանց շտկման ուղղությամբ օրենքով ու պայմանագրային պարտավորություններով սահմանված կոնկրետ աշխատանքներ: Ամենևին չենք հերքում քաղաքացիների օբյեկտիվ դժգոհության հիմքերը: Շինարարների և նախագծողների հետ կունենանք նաև բնակիչների տեղաշարժի ապահովման մասով խորհրդակցություն, կփորձենք գտնել այդ հարցերի կարգավորման հնարավոր տարբերակներ, որոնք լրացուցիչ մեծ ծախսեր չեն պահանջի: Քաջ գիտակցելով փողոցաշինական աշխատանքների ընթացքում ստեղծված անհարմարությունները՝ ևս մեկ անգամ հայցում ենք մեր ազգաբնակչության ներողամտությունը, ակնկալում նրանց աջակցությունը քաղաքի համար չափազանց կարևոր այս ծրագրերի հաջող իրականացման հարցում:

Բացարձակապես անընդունելի ենք համարում փողոցաշինական աշխատանքներում առաջ եկող խնդիրների տեղափոխումը անձնական որակումների հարթություն: Հորդորում ենք՝ հարցը չքաղաքականացնել, փողոցաշինական աշխատանքները չդարձնել օրակարգ ձևավորելու հիմք: Միևնույն ժամանակ, հասարակական-քաղաքական գործիչներին, ԱԺ պատգամավորներին և, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ ենք անում, եթե ծրագրի իրականացման իրավաչափության մասով ունեն մտահոգություններ և կասկածներ, կիրառեն խորհրդարանական վերահսկողության ամբողջ գործիքակազմը և դիմեն համապատասխան մարմիններին»,- նշված է Գյումրու քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։



Նման նյութեր