10 անհայտ փաստ ամենահայտնի հայ վրիժառուի մասին
Համացանցի հայկական հատվածում ոչինչ չեք գտնի ամենահայտնի հայերից մեկի մասին, եթե փնտրեք նրա իսկական անուն-ազգանունով, քանի որ Թեհլիրյան Սողոմոնի ազգանունը ժամանակի ընթացքում աղավաղվել է ու դարձել Թեհլերյան: Թեհլիրյաններն իրենք էլ դժվարանում են պատասխանել հարցին` որտեղից է եկել սխալը և երբ է այն դարձել հիմնական ու գործածական: Արա Օսկանյանը` Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր ծոռը, PanARMENIAN.Net-ին բացատրել է, թե ինչու Թեհլիրյան, և ոչ Թեհլերյան: Ներկայացնում ենք 10 անհայտ փաստ Սողոմոն Թեհլիրյանի մասին:
1. Թեհլիրյանների նախապապը 16-17 տարեկանում վիճեց տան անդամների հետ և հեռացավ տնից: Տարիներ անց նա վերադարձավ և գյուղում մականուն ստացավ: Թուրքերեն «կռիվ» բառը «թեհն» էր ու գյուղացիներն ասում էին, որ նա «թեհ է ըրել», որտեղից էլ ծնվում է նրա մականունը՝ Թեհլիր, նրա զավակներին էլ ասում են Թեհլիրի տղաներ, որտեղից էլ սկիզբ է առնում Թեհլիրյան ազգանունը: Սողոմոնն ինքը ստորագրում էր որպես Թեհլիրյան: Թալեաթի սպանությունից հետո Թեհլիրյանները փոխում են իրենց ազգանունը, և Սողոմոնը դառնում է Մելիքյան:
2. Թեհլիրյանները երկար տարիներ զբաղվել են սրճագործությամբ: Սուրճի բիզնեսը հիմնադրել էր Թեհլիրը, որը տան անդամների հետ վեճից հետո մեկնել էր Կոնիա, որտեղ էլ սկիզբ էր դրել ընտանեկան բիզնեսին: Հետագայում այդ բիզնեսը շարունակել են նրա զավակները և սերնդեսերունդ փոխանցել Սողոմոն Թեհլիրյանի հորը և նրա եղբայրներին, ովքեր Սերբիայում սուրճի խանութ են ունեցել:
Թեհլիրյանների ընտանիքը. լուսանկարը՝ Արա Օսկանյանի անձնական արխիվից:
3. Կրակել Սողոմոն Թեհլիրյանը սովորել է Արմենականների կամավորական ջոկատում: Նրա հորեղբոր որդին` Սամվելը, այդ ջոկատի ղեկավարն էր: Արմենականները երիտասարդ կամավորականների էին հավաքագրում և նրանց պաշտպանվել սովորեցնում: Սամվելի նախաձեռնությամբ Սողոմոնն ընդգրկվեց այդ ջոկատում և Եփրատի մացառուտներում մնացած կամավորականների հետ սովորեց կրակել:
4. Ցեղասպանության տարիներին Թեհլիրյանների տոհմը 85 անդամ կորցրեց: Սողոմոն Թեհլիրյանի 17 անդամից բաղկացած ընտանիքից գյուղում մնացածներից փրկվեց միայն նրա եղբոր` Միսակի դուստրը, Արմենուհին, ում հետագայում փրկագնով քրդերի մոտից վերադարձրին հարազատներին: Բացի Արմենուհուց փրկվեցին նրանք, ովքեր Սերբիայում էին:
Լուսանկարը՝ Արա Օսկանյանի անձնական արխիվից:
Սողոմոն Թեհլիրյանը Ցեղասպանության տարիներին հայրենիքում չէր: Նա Երզնկայից նոր էր հասել Սերբիայի գավառական քաղաք Վալևո, երբ սպանվեց ավստրիական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդն ու սկսվեց Առաջին համաշխարհայինը: Պատերազմի մեկնարկից մի քանի ամիս անց Սողոմոնի հայրը Սոֆիայից նամակ ստացավ, որտեղ նրա բարեկամներից մեկը տեղեկացնում էր Հայաստանից, որ Բուլղարիայում հայերը կամավորական ջոկատներ են կազմում:
5. Իմանալով, որ Բուլղարիայում կամավորական ջոկատներ են կազմավորվում, Սողոմոնն առանց հոր համաձայնությունը ստանալու որոշեց մեկնել այնտեղ: Նոյեմբերին սերբ-բուլղարական սահմանին նրան ձերբակալեցին և մեղադրեցին լրտեսության համար: Կարճ ժամանակ անց թյուրիմացությունը պարզվեց և Սողոմոնին ազատ արձակեցին: Բուլղարիայից նա մեկնեց Ռումինիա, ու մինչ հայրը կհեռագրեր, որ նրան հետ ուղարկեն, հասցրեց ընկերների հետ մեկնել Ռոստով, այնուհետև՝ Թիֆլիս: Հենց այստեղ էլ ծանոթացավ ապագա` կնոջ Անահիտի հետ:
6. Թալեաթը միակը չէ, ում Սողոմոն Թեհլիրյանը սպանել է: Պոլսում գտնվելու ժամանակ նա տեղեկացավ, որ կոտորված հայ մտավորականների ցուցակը կազմել է Հարություն անունով մի հայ: Այս մասին նրան ասաց օրիորդ Երանուհին, ով էլ հետագայում Թեհլիրյանին ծանոթացրեց դաշնակների հետ: Երանուհին նրան ցույց տվեց Հարությունի տան տեղը: Թեհլիրյանը ծանոթների միջոցով տեղեկացավ, որ Հարություն Մկրտչյանի կազմած և ոստիկանապետ Պետրիի միջոցով Թալեաթին հանձնված սև ցուցակը բաղկացած է եղել 250 մտավորականի անունից, որոնցից հազիվ 10 մարդ է փրկվել: Թեհլիրյանն այս ամենն իմանալուց հետո մոտ երկու շաբաթ հետևում էր նրան, բայց նրա տան մուտքի դուռը միշտ փակ էր, մատնիչն էլ ներսուդուրս գրեթե չէր անում: Մի երեկո Թեհլիրյանը փողոցից հետևեց Մկրտչյանի տան անցուդարձին, տեսավ, որ տանն ինչ-որ հավաքույթ է ու Մկրտչյանը բաժակը ձեռքին ճառ է ասում: Թեհլիրյանը հանեց ատրճանակը և որոշեց կրակել ապակու հետևից: Նա կրակեց ուղիղ դավաճանի սրտին ու տեսավ, թե ինչպես գետնին տապալեց նրան, ապա արագ հեռացավ:
Հաջորդ առավոտ Թեհլիրյանն իմացավ, որ Մկրտչյանը չի մահացել և հիվանադանոցում է: Նա որոշեց հիվանդանոց գնալ և նրան այնտեղ սպանել: Այս քայլից նրան հետ պահեց օրիորդ Երանուհին, ով պատմեց, որ բժիշկները հույս չեն տվել: Մի քանի ժամ անց Հարություն Մկրտչյանը մահացավ: Հետագայում մի զրույցի ժամանակ, երբ Սամվել Օսկանյանը Սողոմոնին ասաց, որ նա իր վրեժը լուծել է, իսկ ինքը դեռ ոչինչ չի արել, Թեհլիրյանը նրան կոչ արեց անհոգ լինել, քանի, որ ինքը «Բագառիճի բոլոր ջրհորները թուրքերով է լցրել»:
Այս մասին որևէ տեղ չի հիշատակվել և գիտեին միայն նրա ընտանիքի անդամները:
7. Այն ժամանակ, երբ Սողոմոնը Պոլսում իր վրեժն իրագործելու համար աջակիցներ էր փնտրում, տեղեկացավ, որ Զավեն պատրիարքն ազատվել է աքսորից և գտնվում է Փարիզում: Թալեաթին հետապնդելու համար միջոցներ գտնելու համար նա որոշեց դիմել պատրարքին:
«Ես այդ կարգի գործերու մեջ չեմ կարող մաս ունենալ, զավակս»,- Սողոմոնին լսելուց հետո պատասխանեց Պատրիարքը և ասաց, որ կարող է նրան օգնել Փարիզում գործ գտնել, տեղավորվել: Իր հուշերում Սողոմոն Թեհլիրյանը պատմում էր՝ այնքան վստահ էր, որ պատրիարքը կօգնի, որ մերժումից հետո երկար մնաց փողոցում կանգնած, չիմանալով՝ ուր գնալ և ինչ անել: Այդ ձախողումից հետո Սողոմոնը մնաց Փարիզում, աշակերտում էր կոշկակարի մոտ, մինչև ստացավ Երանուհու նամակը, որտեղ վերջինս իրեն հորդորում էր Ամերիկա գնալ՝ «իրենց հայտնի գործով»:
Թեհլիրյանների ընտանիքը. լուսանկարը՝ Արա Օսկանյանի անձնական արխիվից:
8. 1921 թվականին դաշնակցականներն իմացան, որ Հռոմում թուրքերի մասնակցությամբ ժողով է լինելու և Թալեաթին գտնելու բոլոր ջանքերը կենտրոնացրին այնտեղ: Քանի որ Թեհլիրյանը Բեռլինում էր, նրան հանձնարարվեց լինել կառամատույցում և ստուգել Հռոմ մեկնող գնացքները: Մի անգամ Թեհլիրյանը նկատեց, որ թուրքերի մի խումբ ճանապարհում է մեկ այլ խմբի և վերադառնում: Վերադարձողներից մեկին նրանք առանձնահատուկ վերաբերմունք էին ցուցաբերում և դիմում «փաշայով»: Թեհլիրյանը սկսեց կասկածել, որ այդ մարդն էլ կարող է Թալեաթը լինել և գնաց նրանց հետևից: Թեհլիրյանը հետագայում պատմում էր, որ մինչև վերջին պահը կասկածում էր՝ արդյոք նրա դիմացից գնացող թուրքը Թալեաթն է, թե՝ ոչ: Կրակելուց առաջ Սողոմոնը գոռաց «Թալեաթ» և նա շրջվեց: Դա էլ ցրեց Թեհլիրյանի վերջին կասկածներն ու նա կրակեց: Թեև հայտնի երգում ասվում էր, որ Թեհլիրյանը կրակել է Թալեաթի ճակատին, իրականում Սողոմոնը կրակեց նրան կողքից՝ քունքին:
Կրակելուց հետո հասցրեց փախչել, բայց…
Ճանապարհին սկսեց կասկածել՝արդյոք սպանե՞լ է նրան: Կասկածներն ավելի ահագնացան, երբ նա մտաբերեց, որ Հարություն Մկրտչյանին միանգամից սպանել չէր ստացվել: Հենց դա պատճառ դարձավ, որ վերադառնա սպանության վայր: Երբ փորձում էր ճեղքել ամբոխը՝ համոզվելու, մահացե՞լ է արդյոք Թալեաթը, թե՝ ոչ, նրա ուղեկիցները ճանաչեցին Թեհլիրյանին ու բռնեցին նրան: Ու քանի որ այն ժամանակ ընդունված էր ձեռնափայտ կրելը, հավաքվածները, որոնց մեծ մասը ձեռնափայտերով էր, սկսեցին ծեծել նրան: Մինչև օրս պահպանվել է շապիկը, որն այդ օրը կրում էր Սողոմոնը, ամբողջովին արյունոտված:
9. Դատավարությունից հետո գերմանական դատարանը Թեհլիրյանին վերադարձրեց այն ատրճանակը, որով սպանվել էր Թալեաթը: Սողոմոնն իր ձեռքով այն Երկրորդ համաշխարհայինի տարիներին նետեց Դանուբ գետը, քանի որ այդ ժամանակ Սերբիայում տներ էին խուզարկում: Նա ստիպված էր ազատվել զենքից:
Սողոմոն Թեհլիրյանը (ձախից) կնոջ հետ. լուսանկարը՝ Արա Օսկանյանի անձնական արխիվից:
10. 1930-ականներին հայտնի դարձավ, որ պաշտոնական այցով Սերբիա պիտի ժամանի Թուրքիայի նախագահը: Այցի օրակարգը մշակելիս թուրքերը սերբերի առաջ պայման դրեցին՝ ձերբակալել Թեհլիրյաններին: Պաշտոնական Սերբիան մերժեց, ասելով, որ չի կարող ձերբակալել իր երկրի քաղաքացիներին, բայց խոստանում է տան հսկողություն սահմանել: 3 օր շարունակ Թեհլիրյաններին պատկանող տների դիմաց սերբ ոստիկաններ էին հերթապահում և խնդրում նրանց չլքել այն: Այդ ժամանակ Սողոմոն Թեհլիրյանը Խորվաթիայում էր, Թուրքաիայի նախագահի այցի օրը վերադարձավ Բելգրադ: Հորեղբոր որդին՝ Սամվելը, պատահաբար պատուհանից տեսավ, որ նա մոտենում է տանը և նրան ցույց տվեց ոստիկաններին, հասկացնելով, որ հեռանա: Թուրքիայի նախագահն այդպես էլ չիմացավ, որ մարդը, ումից նա սարսափում էր, իր այցի ժամանակ ազատ շրջում էր Բելգրադի փողոցներում: