Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել` ի պատասխան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի խոսքերին:
Գաբրիել Ղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախարարությունը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը, քանի որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն էլ կասեցրել է ֆեդերացիայի անդամակցությունը:
Նա նաև հայտարարել էր, որ Արթուր Գևորգյանի այն հայտարարությունը, որ ֆինանսավորումը վերականգնվել է, չի համապատասխանում իրականությանը:
«Հարգելիներս, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գ.Ղազարյանի մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ վերջինս չի ցանկանում կատարել դատարանի որոշման և օրենքի պահանջները, որն էլ ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխասխանատվություն:
14.05.2019-ին, դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցի պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հիմքով»,- գրել է Արթուր Գևորգյանը:
Հիշեցնենք` Գաբրիել Ղազարյանի ասուլիսից հետո ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացրել էր այս գործով դատարանի որոշումը, որը տեղադրված է նաև DataLex.am կայքում.
Նշենք` սպորտի նախարարությունը նաև հայտնել էր, որ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի 2019 թվականի ապրիլ ամսվա ֆինանսավորման հայտերը նախարարության կողմից չեն բավարարվել:
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը» հաստատելու մասին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 (http://msy.am/files/post/1554712131-146-A-1.PDF) հրամանը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է գործել և այդ կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն ֆինանսական աջակցություն ստանալու համար մարզաձևի ֆեդերացիան պետք է ներկայացնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ լինելու մասին տեղեկանք»,- ասվում էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ: