Հնարավոր է, որ նա կրկին Հայաստան գա, սակայն արդեն ոչ որպես լրագրող, այլ «Սատանան, զինվորը և ջութակը» երաժշտաթատերական ներկայացման մասնակից։
Հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները հավանեց Երևանը։ Նա առաջին անգամ չէ այստեղ և նկատեց, թե ինչպես է քաղաքը փոխվել 1965 թվականից, երբ նա առաջին անգամ էր այցելել։ Այս մասին լրագրողներին Պոզները պատմեց ARARAT Speakers Night նախագծի շրջանակում մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Պոզները Հայաստան է ժամանել մայիսի 22-ին։ Հինգշաբթի նա վարպետության դաս անցկացրեց Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում ուսանողների համար, այնուհետև` երեկոյան տեղի ունեցավ նրա` «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
«Այսօր սա բոլորովին այլ քաղաք է` ժամանակակից, կենդանի, շնչող։ Այն բնավորություն ունի։ Օրինակ ես չեմ սիրում Լոս Անջելեսը, այն բնավորություն չունի, իսկ Երևանն ունի», – նկատեց լրագրողը, կատակելով, որ Երևանը երբեմն այնքան աղմկոտ է, որ դժվար է քնել։
Բացի այդ նա նկատեց, որ իրեն հաճախ հարցնում են, մտադիր չէ՞ արդյոք Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել։
Ցավոք, նման բան Պոզներն անելու մտադրություն չունի, սակայն չի բացառում, որ ֆիլմ կնկարահանի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, մասին, ինչպես սկանդինավյան երկրների դեպքում։
«2020 թվականի վերջին կավարտենք Ճապոնիայի մասին ֆիլմը, այնուհետև կտեսնենք, գուցե Կովկասի մասին ևս նկարահանենք», – նշեց լրագրողը։
Սակայն նա չբացառեց, որ կրկին Հայաստան կգա, բայց արդեն ոչ որպես լրագրող, այլ որպես «Սատանան, զինվորը և ջութակը» երաժշտաթատերական ներկայացման մասնակից։ Ներկայացումը բեմադրվել է Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունների հիման վրա։ Պոզները նշեց, որ ներկայացումն արդեն խաղացել են Ռուսաստանի մի շարք քաղաքներում և Մինսկում, իսկ հրավերի դեպքում, գուցե նաև հայ հանդիսատեսը դիտի այն։
«Սատանան, զինվորը և ջութակը» ներկայացումը (այսպես է Դմիտրի Սիտկովեցկին կոչել իր նախագիծը, որը նվիրված է Իգոր Ստրավինսկու ծննդյան 135–ամյակին) բեմադրվել է 2017 թվականին։ Ալեքսանդր Աֆանասևի ժողովածուի ռուսական հեքիաթների և Ֆաուստի մասին լեգենդի վրա հիմնված` հոգու վաճառքի մասին առակը, Ստրավինսկին ստեղծել է 1917 թվականին էմիգրացիայում, իսկ դրամատուրգ Շառլ Ռամյուն գրել է ֆրանսերեն տեքստը: Պրեմիերան տեղի է ունեցել Շվեյցարիայում 1918 թվականի սեպտեմբերի 28-ին։